կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-01 13:19
Քաղաքական

Համաժողովրդական շարժման հանդուրժողականությունը թուլություն որակելը կարող է ցունամի դառնալ. Փաշինյան

Համաժողովրդական շարժման հանդուրժողականությունը թուլություն որակելը կարող է ցունամի դառնալ. Փաշինյան

Իրավունքի ուժով գումարված ԱԺ հատուկ նիստում ընթանում է վարչապետի ընտրության հարցը: Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, ապա նա ելույթ ունեցավ` անդրադառնալով ներքին և արտաքին քաղաքականության իր պատկերացումներին:

«Մեր շարժման հիմնական նպատակը 2008 թվականից ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի պաշտոնավարման կանխումն էր, որն էլ կբերեր իշխանափոխության»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրվեց փշալարելով ու զինտեխնիկայով շրջափակված ԱԺ-ում` փորձելով ստիպել ժողովրդին համակերպվել իր ընտրվելու հետ: Ըստ նրա` իր և Սերժ Սարգսյանի` «Մարիոթ»-ում տապալված բանակցություններից հետո, իր ձերբակալվելուց հետո, երբ շարժումն ավելի զանգվածային դարձավ, Սերժ Սարգսյանը ստիպված հրաժարական տվեց:

«Թվում էր` իշխող վերնախավը պետք է ճանաչեր համաժողովրդական պայքարի հաղթանակը և ձեռնամուխ լիներ իշխանությունն անցնցում հանձնելուն: Բայց ՀՀԿ-ն մտադիր էր վարչապետի նոր թեկնածու առաջադրել: Սակայն ժողովրդի նպատակը մեկ անձին մյուսով փոխարինելը չէր, այլ բիրտ համակարգը արմատախիլ անելն էր: Ուստի ժողովուրդը «Մերժիր Սերժին» կարգախոսը փոխեց` «Մերժիր ՀՀԿ-ին» կարգախոսով»,- ասաց Փաշինյանը, ապա հավելեց, որ սա ստիպեց, որ ՀՀԿ-ն թեկնածու չառաջադրի:

«Թվում էր` այսքանից հետո ՀՀԿ-ն սթափ կգնահատի վիճակը, կլսի ժողովրդի ձայնը, դե յուրե կարձանագրի ժողովրդի զարթոնքը, բայց ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, շարունակում է մուկն ու կատու խաղալ, մինչև վերջին պահը չի հայտարարում, թե քվեարկելու է ժողովրդի թեկնածուի օգտին, չնայած` հասկանում է, որ դա է ՀՀ-ն կայունացնելու միակ ձևը»,- շեշտեց նա:

Փաշինյանն ընդգծեց, որ իրենք իրենց քայլերով ստեղծել են բոլոր հնարավորությունները Սերժ Սարգսյանի և ՀՀԿ վերնախավի արժանապատիվ հեռանալու համար, բայց Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը սկսել են ճնշումներ գործադրել ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորների վրա, որպեսզի նրանք չքվեարկեն ժողովրդի թեկնածուի օգտին: «Ուզում եմ արձանագրել` դուք չեք հասկանում և շարունակում եք չհասկանալ Հայաստանում ստեղծված վիճակը, համաժողովրդական շարժման հանդուրժողականությունը թուլություն որակելը կարող է ցունամի դառնալ»,- ասաց նա:

Դիմելով քաղաքացիներին` Փաշինյանն ասաց. «Սիրելի' հայրենակիցներ, ձեր հաղթանակը կրկին ուզում են գողանալ: Այս պահին դուրս եկեք փողոց և հրապարակ, հեղեղեք ՀՀ բոլոր քաղաքների փողոցները և հրապարակները: Սա օրհասական պահ է մեր ժողովուրդն այսօր չի կարող տանուլ տալ իր փառապանծ հաղթանակը: Դիմում եմ ՀՀԿ պատգամավորներին` սա ՀՀ քաղաքացիների, այդ թվում` ձեր ազատագրման ժամն է: Մենք ձեզանից շատերի հետ բարիկադների տարբեր կողմերում ենք եղել, բայց այստեղ չի լուծվում անձնական հարաբերությունների հարց, այստեղ լուծվում է հայ ժողովրդի վերածննդի հարցը, լուծվում է ՀՀ-ի, ԼՂՀ-ի հաղթական ապագայի հարցը: Ձեզնից չի պահանջվում բացարձակապես ոչ մի զոհողություն, ձեզնից պահանջվում է կողմ քվեարկել ժողովրդի թեկնածուին և քանդել այն պատնեշը, որ գոյություն ունի ձեր և ժողովրդի միջև»:

Փաշինյանն ընդգծեց, որ պաշտոնաթող անձանց սպառնալիքները ոչինչ չեն նշանակում: «Արեք քայլ և օգնեք ժողովրդին` վերջնականապես արմատախիլ անել հուսահատությունը Հայաստանից»,- հայտարարեց նա: