կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-17 17:56
Քաղաքական

Ջայլամային քաղաքականություն է, թե Բաքվի դեպքերը որպես ցեղասպանություն որակելը կամ Արցախի անկախությունը ճանաչելը կվնասի ԼՂ խնդրի կարգավորմանը. փորձագետ

Ջայլամային քաղաքականություն է, թե Բաքվի դեպքերը որպես ցեղասպանություն որակելը կամ Արցախի անկախությունը ճանաչելը կվնասի ԼՂ խնդրի կարգավորմանը. փորձագետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հունվարի 16-ին Փարիզում ՀՀ արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո հանդես են եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ «Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված բազմաթիվ հարցեր ու համաձայնության եկել այն հարցում, որ հարկավոր է հստակ քայլեր ձեռնարկել երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար»:

Yerkir.am -ի հետ զրույցում Արցախի հարցով փորձագետ, «Սովորական Ցեղասպանություն» նախագծի համակարգող Մարինա Գրիգորյանը նշեց, որ հաշտության մասին վաղ է խոսել, քանի դեռ Ադրբեջանը չի ապաշխարել կատարած հանցագործությունների համար:

«Ադրբեջանը պետք է ընդունի պատմական իրողությունը, 31 տարվա ընթացքում հայ ժողովրդի նկատմամբ կատարած բազմաթիվ հանցագործությունները: Առանց այս ապաշխարանքի, ճանաչման` որևէ խաղաղության, հաշտության  մասին խոսք լինել չի կարող»,- ընդգծեց նա:

Մեր այլ հարցին ի պատասխան՝ փորձագետը պնդեց, որ ՀՀ իշխանությունների կողմից Բաքվի, Սումգայիթի ջարդերին «ցեղասպանություն» փաստաթղթային որակում չտալը, Արցախի անկախության չճանաչումը, թե իբր կվնասեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ջայլամային քաղաքականություն է: 

«Իրերը պետք է կոչել իրենց անուններով և պատմական իրադարձություններին պետք է պատշաճ գնահատական տալ,  մասնավորապես` Բաքվի ջարդերը լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիային»,- նշեց նա:

Իր հերթին, Yerkir.am -ի հետ զրույցում քաղաքագետ Գրետա Ավետիսյանը հիշեցրեց, որ տարիներ շարունակ Ադրբեջանը  տարբեր պլատֆորմներով՝ Բաքվի, Թբիլիսիի, փորձել է  ցույց տալ, թե հանդուրժող է կամ հանդուրժողականություն է քարոզում, մինչդեռ տեսանք, որ Բաքվի գործելաոճը չի փոխվել՝ Ռամիլ Սաֆարովին դեպքը, ապրիլյան պատերազմի շրջանում  ԼՂ ՊԲ զինվորների գլխատումը, Թալիշի դեպքերը:

Ըստ փորձագետի՝ սա անպատժելիության արդյունք է, միջազգային հանրությունը հասցեական հայտարարություններ չի անում, Ադրբեջանի գործողությունները սանձազերծող հստակ քայլերի չի գնում:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ հայտարարությանը և ՀՀ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավին, Գրետա Ավետիսյանը նշեց, որ դեռ մի քանի տարի առաջ Հայաստանը սկսեց խոսել ժողովուրդներին, հայ հասարակությանը խաղաղության նախապատրաստելու մասին, սակայն Ադրբեջանը չդադարեցրեց  հայատյացության քարոզը` բարձր մակարդակով խոսելով անգամ Երևանը գրավելու մասին, ուստի այս քայլերը կորցրեցին արդիականությունը:

«Մինչ այս անգամ համանախագահները խոսում էին վստահության մթնոլորտի ձևավորման մասին,  բայց խաղաղությանը պատրաստելու թեզն ակտուալ չէր, իսկ երեկ կրկին օրակարգ բերվեց այդ հարցը, ինչը պայմանավորված է Դուշանբեում Փաշինյան-Ալիև` օպերատիվ կապը վերականգնելու պայմանավորվածության հետ, որ սահմաններին կրակոցներ չեն լինելու: Փորձը ցույց տվեց, որ դա աշխատում է: Բայց թե որքանո՞վ է դա վստահելի կամ երաշխիք, որ Ադրբեջանը կշարունակի հարգել ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը, երբ գրավորը չի պահպանում, իհարկե, չենք կարող ասել: Բայց պետք է լինել լավատես, միաժամանակ՝ զգոն: Իսկ հանրությանը խաղաղության պատրաստելը հակամարտության կարգավորմանը տանող հիմնական բաղադրիչներից է»,- ընդգծեց փորձագետը: