կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-31 20:11
Քաղաքական

Սեփական ուժի բացակայությունը դիմացինի ուժի հետ կապելը թուլություն է

Սեփական ուժի բացակայությունը դիմացինի ուժի հետ կապելը թուլություն է

Ուշադիր լսե՞լ եք, թե ինչ են ասում սահմանադրական փոփոխություններին դեմ հանդես եկողները: Իհարկե շատ բան են ասում, բայց հիմնականում ասում են, թե այդ փոփոխություններով Հանրապետական կուսակցության իշխանությունը կդառնա Հռոմի պես մի բան, այսինքն՝ հավիտենական, հավերժ: Սա նշանակում է, որ բոլոր այսկերպ արտահայտվող քաղաքական ուժերը վստահ են, որ մեր երկրում երբեւէ կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթելու է Հանրապետական կուսակցությունը, այսինքն՝ իրենք միշտ պարտվելու են: Թե հիմա ինչպես են պարտվելու` իրական ընտրություններով, թե իրական ընտրություններում իրենց ստացած ձայները պահելու անկարողության հետեւանքով, այլ խոսակցության թեմա է:

Սրան զուգահեռ, «Ոչ»-ի ճամբարը պարբերաբար կազմակերպում է հանդիպում-հավաքներ, շուտով կհրապարակվեն «Ոչ»-ի գրքույկներ, պաստառներ, դեռ տեսանյութերի մասին չխոսենք: Այս ամենը, հասկանալի է, որ փող է: Ընդ որում, ամենեւին էլ կարեւոր չէ պարզել, թե որտեղից «ռեժիմի տիրապետության տակ թպրտացող» Հայաստանում ընդդիմադիրները փող ունեն, որտեղի՞ց կամ ումի՞ց են ստանում: Ավելի կարեւոր է մեկ այլ բան` հասկանալ, թե ինչպես կարելի է ավելի արդյունավետ ծախսել փողը: Օրինակ՝ ընդդիմադիր ուժեղ կուսակցություն կամ կուսակցությունների հզոր դաշինք ստեղծելով: Դժվա՞ր է, կարծում ենք ոչ, քանի որ Հայաստանում ամենահեշտ բաներից մեկը կուսակցություն բացելն է, այն էլ՝ ընդդիմադիր: Ուրեմն ի՞նչն է խանգարում այսօրվա ընդդիմադիրներին միավորվել՝ ստեղծելով ոչ այնքան նոր, որքան ուժեղ մի բան, որը կկարողանա առաջիկա բոլոր խորհրդարանական ընտրություններում առնվազն մրցակցել Հանրապետականի հետ: Փող, ինչպես տեսնում ենք, ընդդիմությունը ունի, երկրում բան փոխելու (թեկուզ, եթե այդ բանը միայն իշխանությունն է), ցանկություն, եւս ունեն, ուրեմն ինչո՞ւ պարոնայք եւ տիկնայք ընդդիմադիրները միայն խոսում են, այն էլ ոչ թե իրենց, այլ իշխանության հզորության մասին:

Կա վարկած, որ գործող իշխանությունը թույլ չի տա, որպեսզի Հայաստանում իրեն հավասար, բայց ընդդիմադիր կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք առաջանա: Գուցե եւ այդ վարկածը ճիշտ է, բայց ասացեք խնդրեմ, որտե՞ղ են ապացույցները, այսինքն այդ ե՞րբ մեր երկրում 4-5 ընդդիմադիր կուսակցություններ հայտարարեցին, որ կամ դառնում են մեկ կուսակցություն, կամ դառնում են կուսակցությունների դաշինք, որ իշխանությունը թույլ չտվեց: Կամ այդ ե՞րբ է ընդդիմության համար իշխանության թույլ չտալը սահմանափակում եղել: Ի վերջո, ինչո՞ւ պետք է իշխանությունը թույլ տա մի բան, որից ինքը սպառնալիքներ է տեսնում, կամ ինչն իր համար վտանգավոր է: Մյուս կողմից էլ, ինչո՞ւ պետք է ընդդիմությունը հաշվի առնի իշխանության թույլ տալը, իշխանությունը հո օրենք չէ՞, իսկ օրենքը` Հայաստանում կուսակցություն ստեղծելու եւ այն պահպանելու համար առավել քան ազատական եւ ժողովրդավարական է:

Կասեք՝ «Բարգավա՞ճը», կամ այն, ինչը տեղի ունեցավ այդ կուսակցության հետ՝ անցած փետրվարի՞ն: Է, իսկ «ո՞վ» ասաց, որ Բարգավաճի հետ տեղի ունեցածը օրենքի պահանջ էր, կամ ո՞վ ասաց, որ «Բարգավաճի» նախկին նախագահը պետք է աներ այն, ինչն իրենից պահանջում էին անել...

Քաղաքական հզորությունը ոչ թե իշխանությունների դեմ ելույթներ ունենալն է, այլ այդ իշխանությանը հաղթելը՝ ցանկացած խաղում, անգամ, երբ այդ խաղի կանոնները մշակված են իշխանության կողմից. դա հաղթանակը մի տեսակ ավելի քաղցր է դարձնում:

Իսկ երբ իշխանությանը հաղթելու ուժ չունես, դրանում վերջինս մեղավոր չէ: Այո վերջինս թույլ չի տալիս, բայց այդ որտե՞ղ է իշխանությունը թույլ տալիս, որպեսզի իր շուրջը իրեն գոնե հավասար ուժ առաջանա: Ուրեմն մեղավորին պետք է ընդդիմության մեջ փնտրել, քանի որ սեփական ուժի բացակայությունը դիմացինի ուժի հետ կապելը կոչվում է թուլություն:

Հովիկ Աֆյան