կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-28 15:30
Հասարակություն

Հակահրդեհային կանոնների խախտման համար հարուցվել է 74 վարչական վարույթ, նշանակվել է 36 միլիոն դրամի վարչական տուգանք. ԱԻՆ

Հակահրդեհային կանոնների խախտման համար հարուցվել է 74 վարչական վարույթ, նշանակվել է 36 միլիոն դրամի վարչական տուգանք. ԱԻՆ

Հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելման, հետևանքների վերացման, դրանց հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության համար յուրաքանչյուր տնտեսվարող պետք է անվերապահորեն կատարի հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջները:

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունն իրականացնում է պետական հսկողություն նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ, օրենքով սահմանված կարգով ստուգումներ, հրդեհատեխնիկական հետազոտություններ և կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ:

Մշտական ուշադրության կենտրոնում են արտադրական վտանգավոր օբյեկտները (ԱՎՕ): 2018 թ.-ի սկզբից թվով 54 ԱՎՕ-ների՝ տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու համար, տրվել են շահագործումն արգելելու վերաբերյալ կարգադրագրեր: ԱՎՕ-ների նկատմամբ հարուցվել է 74 վարչական վարույթ, այս պահին նշանակվել է 36 միլիոն դրամի վարչական տուգանք:

Հատկապես կարևորվում է շարժական գազալցակայանների անվտանգության հարցը, քանի որ դրանք համարվում են խիստ հրդեհապայթյունավտանգ օբյեկտներ և դրանցում առաջացած հրդեհներն ու տեխնածին վթարները, որպես կանոն, ուղեկցվում են ծանր հետևանքներով: 50-ից ավելի շարժական գազալցակայանների տրվել են շահագործումն արգելելու վերաբերյալ կարգադրագրեր, հարուցվել է 57 վարչական վարույթ: Իրականացված աշխատանքների արդյունքում, վերջին շրջանում նկատվում է որոշակի դրական միտում նշված բնագավառում: Շարժական գազալցակայաններ շահագործող բազմաթիվ տնտեսվարողներ դիմում են ՀՀ ԱԻՆ՝ իրենց ԱՎՕ-ները հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար:

Նշենք նաև, որ ի կատարումն ՀՀ վարչապետ Կ. Կարապետյանի հանձնարարականի՝ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները ԱԻ նախարար Դ. Տոնոյանի հանձնարարությամբ, այլ գերատեսչությունների տեսչական մարմինների հետ համատեղ, շարունակում են ստուգումներ և հետազոտություններ իրականացնել հանրային սննդի օբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման ուղղությամբ՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես երեխաների համար նախատեսված ժամանցային վայրերը: ՀՀ մարզերում և Երևանում գտնվող 230-ից ավելի օբյեկտներում արդեն իսկ իրականացվել են ստուգումներ և հետազոտություններ, որոնց արդյունքներով օբյեկտների ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար: Կարգադրագրերում նշված ժամկետների ավարտին կիրականացվի կրկնակի ստուգայց, նշված թերությունները վերացրած չլինելու դեպքում տվյալ տնտեսվարողները կենթարկվեն վարչական տույժի:

Հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելման, հետևանքների վերացման, դրանց հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով նամակներ են ուղարկվել 300-ից ավելի տնտեսվարող սուբյեկտների`՝ իրազեկելով հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների, ինչպես նաև՝ դրանց չկատարման դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության մասին:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է տնտեսվարողներին «Հրդեհային անվտանգության մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքների համաձայն ապահովել հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների կատարումը՝ ինչը թույլ կտա բացառել հրդեհների, տեխնածին վթարների առաջացման հնարավորությունը և խուսափել ծանր հետևանքներից: