կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-19 13:41
Քաղաքական

Դիմում եմ ԱԺ-ին՝ Ա. Քոչարյանի կողմից էթիկայի կանոնների կոպիտ խախտման փաստը քննարկելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու պահանջով. լրագրող Անի Գևորգյան

Դիմում եմ ԱԺ-ին՝ Ա. Քոչարյանի կողմից էթիկայի կանոնների կոպիտ խախտման փաստը քննարկելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու պահանջով. լրագրող Անի Գևորգյան

Tert.am լրատվական կայքի լրագրող Անի Գևորգյանը դիմում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների կոպիտ խախտման փաստը քննարկելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գործընթաց սկսելու պահանջով: Ստորև ներկայացնում ենք լրագրողի դիմումը:

 

 ՀՀ Ազգային ժողովի նախագահ

պարոն Արարատ Միրզոյանին

Tert.am լրատվական կայքի լրագրող Անի Գևորգյանից

 

 Հարգելի՛ պարոն Միրզոյան,

 

ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը շարունակական կերպով խոչընդոտում է իմ լրագրողական աշխատանքին, հնչեցնում է իմ պատիվն ու արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ, դրսևորում է պատգամավորին ոչ հարիր վարքագիծ՝ այդպիսով խախտելով պատգամավորական էթիկայի կանոնները:           

Մասնավորապես, 2021թ. մարտի 16-ին Պաշպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանը վիրավորական արտահայտություններով փորձել է լռեցնել ինձ, թույլ չտալով իրացնել հարց տալու իմ իրավունքը: Անդրադառանալով իմ հարցին՝ «Պարոն Քոչարյան, կներեք, քանի որ դուք պարբերաբար խոսում եք տելեգրամյան ալիքներից «Դեժավյուի» հրապարակումներից, ձեր որդուն առնչվող տեղեկատվություն այնտեղ կար, մասանավորապես նշվում էր որ ձեր հարաբերությունները լարվեցին Դավիթ Տոնոյանի հետ պատերազմի ժամանակահատվածում Դավիթ Տոնոյանին ուղղված խնդրանքից, հիմա դուք ձեր հրետանավոր որդու համար որևէ խնդրանքով պատերազմի ժամանակահատվածում դիմե՞լ եք», Անդրանիկ Քոչարյանը, նույնիսկ հարցը չավարտած՝ սկսեց անհարգալից կերպով բղավել: 

«Անի Գևորգյան, ուշադի՛ր լսիր: Իմ որդին անցել է պատերազմի ամենաթեժ կետից՝ 17 օր Ֆիզուլի եւ Շուշիով ավարտել է: Այն, ինչ-որ դուք հնչեցրեցիք, գնացեք ձեր տիրոջ երեխաների մասին խոսեք: Գնացեք դեժավյուներին հարցրեք: Իմ տղան 44 օր պատերազմ է անցել: Ես հիմա ֆեյքերին հոսանքազրկում եմ, դուք հիմա հոսանքազրկված եք, գնացեք, էլ չկաք: Բոլոր մունդռիկները, դեժավյուների մասին է խոսքը, բոլորը հոսանքազրկված են»: (Կարող եք ծանոթանալ կրիչում առկա մարտի 16–ի տեսանյութի մեջ՝ 11:11 րոպեից մինչև 12:40: Բացի նշված դրվագից հարցազրույցի ընթացքում իմ խոսքի ազատությունը ճնշելու այլ դրվագներ ևս կան):

Այսպիսով, Անդրանիկ Քոչարյանը ոչ միայն թույլ է տվել պատգամավորական էթիկայի նորմի խախտում, այլ փորձել է միջամտել, կաշկանդել ԶԼՄ ներկայացուցչի խոսքի ազատությանն ուղղված իր մասնագիտական գործունեությունն իրականացնելուն, ինչն արգելված է ՀՀ օրենսդրությամբ։ Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության հոդված 42-ը սահմանում է՝

«Հոդված 42.   Կարծիքի արտահայտման ազատությունը

2. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը․․․:՛՛

ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածն էլ ամրագրում է անձի տեղեկություններ ստանալու իրավունքը՝

 «Հոդված 51.  Տեղեկություններ ստանալու իրավունքը

 1. Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:

2. Տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Տեղեկություններ ստանալու կարգը, ինչպես նաև տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն անհիմն մերժելու համար պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը սահմանվում են օրենքով»:

Միևնույն ժամանակ, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում ամրագրված է լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի ապահովման երաշխիքները։ Այսպես,

«Հոդված 4.     Լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի ապահովման երաշխիքները

 1. Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները գործում են ազատորեն` իրավահավասարության, օրինականության, խոսքի (արտահայտվելու) ազատության և բազմակարծության սկզբունքների հիման վրա:

Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

․․․

3. Արգելվում է`

․․․

2) որևէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի նկատմամբ.

3) լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը»։

Այսինքն՝ Անդրանիկ Քոչարյանը, խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները, խոչընդոտել է իմ՝ լրագրողիս մասնագիտական օրինական գործունեությանը, ինչպես նաև հանության կողմից տեղեկություններ ստանալու իրավունքը:

Ավելին, վերջինս ինձ՝ անկախ մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողիս, նույնացրել է ԶԼՄ-ի սեփականատերերի հետ։ Պնդում եմ, որ նշվածն անթույլատրելի է, լրագրողը որևէ կերպ չի կարող նույնացվել այն ընկերության սեփականտերերի հետ, որին ինքը ներկայացնում է։ Լրագրողը հնչեցնում է հարցադրումներ և դրանք ներկայացնում է հանրությանը:

Նշեմ նաև, որ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խոչընդոտում է իմ աշխատանքը նաև այլ պաշտոնատար անձանցից հարցազրույցներ իրականացնելու ժամանակ:

Մասնավորապես՝ 2021-ի մարտի 5-ին Եռաբլուրում, ինչպես նաև 2021-ի փետրվարի 5-ին խորհրդարանում, իմ մասնագիտական գործունեությանը խոչընդելու այլ փորձեր ևս եղել են (կրիչում առկա են թե ամբողջական տեսանյութերը և թե նկարագրված դրվագները): Տևական ժամանակ փորձել եմ նշված խնդիրները շրջանցել, շարունակել իմ աշխատանքը, բայց պատգամավորը չի փոխում իր վարքագիծը:

Պատգամավորի կողմից թույլ են տրվել էթիկայի կանոնների կոպիտ խախտումներ:

Պատգամավորական էթիկայի կանոնները. «Հանրային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հիմքով, նախատեսված են «Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 3-րդ հոդվածով: Նշված հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8- րդ կետերի համաձայն, ի թիվս այլնի, պատգամավորական էթիկայի կանոններն են նաև ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս պատգամավորին վայել վարքագիծ դրսևորելը, հարգալից վերաբերմունք ցուցաբերելը քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս: Մինչդեռ, Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը իր կողմից հնչեցրած արտահայտություններով անհարգալից վերաբերմունք է դրսևորել իմ նկատմամբ մասանագիտական գործունեությունս իրականացնելու ժամանակ:

Բացի մեջբերված իրավական կարգավորումներից, ավելորդ չեմ համարում նշել նաև, որ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար պատասխանատվություն է նախատեսված նաև ՀՀ քրեական օրենսգրքով։ Ընդ որում՝ նախատեսված պատասխանատվությունն ավելի ծանր է, երբ կատարվում է պաշտոնատար անձի կողմից՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով։ Այսպես,

«Հոդված 164. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը

1. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

2. Նույն արարքները, որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:

Հաշվի առնելով Անդրանիկ Քոչարյանի արարքում պատգամավորական էթիկայի կանոնների կոպիտ խախտման առկայությունը, դիմում եմ Ազգային ժողովին՝ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների կոպիտ խախտման փաստը քննարկելու և դրա վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար սահմանված կարգով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գործընթաց սկսելու պահանջով:

Այս նախաձեռնությունը միտված է հետայսու բացառելու համանման վարքագծի դրսևորումներն ինչպես Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի, այնպես էլ մյուս պատգամավորների կողմից:

Կից ներկայացված են նշված դեպքերի տեսաձայնագրությունները:

 

Հարգանքով՝ Անի Գևորգյան

19 մարտի 2021թ.

18. 03. 2021 թ.