կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-11 09:17
Հասարակություն

ԶԼՄ-ի կողմից ռազմական դրության որոշման կանոնների խախտումը առաջացնում է մինչեւ 1 միլիոն դրամ տուգանք. Ոստիկանություն

ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումով սահմանվում են հրապարակումների եւ հաղորդումների իրականացման մի շարք սահմանափակումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը:

Արգելվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի եւ պետական անվտանգության ապահովմանը առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որեւէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը:

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախի Հանրապետությունում ընթացող մարտական գործողություններով պայմանավորված քաղաքացիական անձանց (խմբերի) շարժի, մարտական գործողությունների հետեւանքով պատճառված կորուստների եւ վնասների վերաբերյալ հաղորդումների՝ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների եւ դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում եւ սոցիալական ցանցերում, այսուհետ կատարվելու է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հղումով` ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման):

Արգելվում է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` ՀՀ եւ ԱՀ պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը:

Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն իրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում՝ 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։ Վարչական տույժի նշանակումից հետո հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի 1 միլիոնից 1 միլիոն 500 հազար դրամի չափով։

Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։  Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն չիրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում 300 հազարից 700 հազար դրամի չափով։

Հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։ Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։