կարևոր
760 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-20 18:10
Հասարակություն

ՊՎԾ-ն չի տրամադրում բուհերի 400 միլիոն դրամի գերավճարի և վերադարձված 67 միլիոն դրամի բացվածքները

ՊՎԾ-ն չի տրամադրում բուհերի 400 միլիոն դրամի գերավճարի և վերադարձված 67 միլիոն դրամի բացվածքները

Ըստ Պետական վերահսկողական ծառայության տարածած հաղորդագրության` ծառայությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում իրականացված վերահսկողության արդյունքում պարզել է, որ 18 պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում 2023 թվականից մինչև 2026 թվականի օգոստոսը ուսումն ավարտած, հեռացված կամ ազատված շուրջ 4 500 ուսանողների վճարումների և տրամադրված փոխհատուցումների արդյունքում ձևավորվել է շուրջ 400 մլն դրամի գերավճար։ 2026 թվականի օգոստոսի դրությամբ, շուրջ 600 ուսանողների և տարբեր կազմակերպությունների վերադարձվել է շուրջ 67 մլն դրամ։

Yerkir.am-ը դիմել է ՊՎԾ-ին, խնդրելով ըստ բուհերի տրամադրել 400 միլիոն դրամի գերավճարի և վերադարձված 67 միլիոն դրամի բացվածքները: ՊՎԾ-ն պատասխանել է, որ մշտադիտարկման արդյունքներն ամփոփվում են տեղեկանքով և կարող են ներկայացվել վարչապետին՝ համապատասխան հանձնարարականներ տալու համար, որը կարող է հիմք հանդիսանալ վարչապետի հանձնարարությամբ կամ համաձայնությամբ ուսումնասիրություն իրականացնելու համար, իսկ նույն օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Ծառայությունը վերահսկողության արդյունքով կազմած տեղեկանքը տրամադրում է վարչապետին, օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ իրավասու մարմիններին, ինչպես նաև վարչապետի համաձայնությամբ՝ այլ անձանց:

Այսպիսով, Պետական վերահսկողական ծառայությունը չի հրապարակում 400 միլիոն դրամի գերավճարի և վերադարձված 67 միլիոն դրամի բացվածքները:

Եզրակացություններ թող անեն հասարակությունը և շահագրգիռ շրջանակները։

Հիշեցնենք՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում վերջին շաբաթներին տեղի են ունեցել ղեկավար կազմի նշանակալի փոփոխություններ․ 2026 թ. սեպտեմբերի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, իր դիմումի համաձայն, կոմիտեի նախագահի պաշտոնից ազատվել է Սարգիս Հայոցյանը, որը պաշտոնը զբաղեցնում էր 2023 թվականից։

Միաժամանակ, մամուլը գրել է, որ Հայոցյանի հեռանալուն նախորդել են տարաձայնություններ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ֆինանսների նախարարության հետ՝ «Ակադեմիական քաղաքի» համար հողերի ձեռքբերման ֆինանսավորման ու ծրագրի իրականացման պատասխանատվության շուրջ։

Հոկտեմբերի 19-ին կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից նույնպես հրաժարական է տվել Արթուր Մովսիսյանը, որը, ըստ լրատվամիջոցների, քննադատել էր գիտության ոլորտի ֆինանսավորման և խոստացված ծրագրերի իրականացման խնդիրները։ Նույն օրը կոմիտեի նախագահի նոր տեղակալ է նշանակվել Լիլիթ Մկրտչյանը, որը մինչ այդ՝ 2025 թվականի հոկտեմբերից, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն էր։ Նշանակման իրավաչափության վերաբերյալ հոկտեմբերի 20-ին նաև քննադատական հրապարակում է եղել՝ այն հարցադրումով, թե արդյո՞ք կոմիտեի նախագահի բացակայության պայմաններում տեղակալի նշանակումը համապատասխանում է օրենքին։

Իշխանական շրջանակներից ստացված տեղեկությունների համաձայն՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնում դիտարկվում է ֆիզիկոս Սարգիս Մանուկյանի թեկնածությունը։ Նշվում է, որ նա կրթություն է ստացել արտերկրում, և վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն որոշել է, թե ով պետք է փոխարինի հրաժարական տված Սարգիս Հայոցյանին։