կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-24 15:13
Տարածաշրջան

Համաճարակների հետևանքով կյանքը կորցրած օսմանյան քաղաքացիներ. Էրդողանի ուղերձը Ցեղասպանության տարելիցի առթիվ

Համաճարակների հետևանքով կյանքը կորցրած օսմանյան քաղաքացիներ. Էրդողանի ուղերձը Ցեղասպանության տարելիցի առթիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ այս տարի դարձյալ ուղերձ է հղել, որը ընթերցվել է Քումքափըի եկեղեցում պատարագի ժամանակ:

Էրդողանն իր ուղերձն սկսել է` խոսքն ուղղելով Պոլսում պատրիարքի վերանշանակված փոխանորդ Արամ Աթեշյանին, և, ըստ սովորության, զոհերի մասին խոսելիս միայն նկատի ունեցել օսմանյան հայերին:

Ուղերձը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի Արամ Աթեշյան՝ Թուրքիայում հայերի պատրիարքի փոխանորդ,

իմ թանկագին հայ քաղաքացիներ

Ամենասրտանց զգանցմունքներով ողջունում եմ ձեզ:

Այսօր դուք հավաքվել եք Ստամբուլի հայոց պատրիարքարանի տանիքի տակ`ոգեկոչելու Առաջին համաշխարհային պատերազմի դժվար և տառապալի պայմաններում զոհված օսմանյան հայերի հիշատակը:

Հարգանքով հիշում եմ իրենց կյանքը կորցրած օսմանյան հայերին և սրտանց ցավակցություններս եմ հղում նրանց երեխաներին և թոռներին:

Այս առիթով նաև ողորմություն և ներում եմ խնդրում Աստծուց՝ Ամենակարողից, նույն ժամանակահատվածում համաճարակների, արտագաղթների, պատերազմների և հակամարտությունների հետևանքով իրենց կյանքը կորցրած օսմանյան քաղաքացիների համար:

Պատմության ընթացքում մենք եղել ենք մի ազգ, որն իր ցավերի միջև տարբերակում կամ մրցակցություն չի դնում, այլ կիսում է դրանք:

Բացի մեր սեփական երկրում ապրող մեր ժողովուրդներից, մենք ձգտեցինք օգնել Անդալուզիայի, Աֆրիկայի, Հարավային Ասիայի, Եվրոպայի և նեղ կացության մեջ ընկած բոլորին: Այս ամենն անելիս մենք երբեք չնայեցինք հավատքին, լեզվին, էթնիկական ծագմանն ու մշակույթին:

Այսօր մենք փորձում ենք ամրապնդել եղբայրությունը, ներողամտությունը, խաղաղությունն ու հանգստությունը՝ պահպանելով մեր ժառանգությունը` որպես երկիր:

Պատմության մեջ մեր հայ քաղաքացիների ապրած վշտերը կիսելը թուրք ժողովրդի բարեխիղճ և բարոյական դիրքորոշման անհրաժեշտությունն է: Աստծո կամքով՝ առաջիկա ժամանակահատվածում մենք շարունակելու ենք կիսել ձեր վշտերն ու գտնել ընդհանուր լուծում ձեր մտահոգություններին և խնդիրներին: Ինչ էլ լինի՝ թույլ չենք տա, որ մեր մեկ քաղաքացու նկատմամբ այլ վարվելակերպ լինի, նույնիսկ եթե նա այլազգի է` անկախ նրա հավատալիքներից, կրոնից եւ սովորություններից:

Հավատում եմ, որ մեր հայ քաղաքացիները կշարունակեն ավելացնել իրենց ավանդը մշակութային, մարդկային, քաղաքական և առևտրական կյանքում:

Ես խնդրում եմ ձեզ` հնարավորություն չտալ նրանց, ովքեր մինչ օրս խեղաթյուրում են մեր ընդհանուր անցյալը և խրախուսում պատմության մեջ ոխ պահելը, ատելությունն ու թշնամանքը:

Այս մտորումներով՝ կրկին հարգանքով եմ հիշում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում իրենց կյանքը կորցրած մեր հայ քաղաքացիներին:

Շնորհակալություն և իմ հարգանքն եմ հայտնում հիշյալ արարողությանը մասնակցած իմ բոլոր քաղաքացիներին»: