Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանն ընտրեց վարչապետին, սա մեր պատմության մեջ առաջին անգամ է, մնում է ևս մի քանի քայլ ու խորհրդարանական համակարգը լրիվ կգործի. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
«Նախ` վարչապետը պետք է ձևավորի իր կառավարությունը, կառավարությունը ներկայացնի իր գործունեության ծրագիրը և ստանա հավանություն խորհրդարանի կողմից, և դրանից հետո համակարգը, կարելի է ասել, ամբողջությամբ ձևավորված կլինի ու կգործի»,- հայտարարեց նա:
Ըստ Մինասյանի` բավականին տպավորիչ է, որ վարչապետը ընտրվեց 77 ձայնով: Նա նաև կարևորեց այն հանգամանքը, որ ընդդիմադիր գործիչների մի մասը ներկա էր, և նրանք հնարավորություն ունեցան իրենց հարցերը տալ վարչապետի թեկնածուին ու ստանալ պատասխաններ:
«Կարևոր էր նաև այն հանգամանքը, որ ընտրված վարչապետն իր եզրափակիչ ելույթում շեշտեց, որ ընդամենը երկու տարի հետո բոլոր այն մարդիկ, ովքեր կասկածի տակ են առնում խորհրդարանական համակարգին անցնելու արդյունավետությունը, իրենց փորձով կհասկանան, որ խորհրդարանական կառավարման համակարգը չափազանց տարբերվում է նախագահական կամ կիսանախագահական համակարգից: Տարբերությունն այն է, որ նախագահը չուներ խորհրդարանի հետ անմիջական շփումներ ունենալու պարտականություն` ենթարկվել խորհրդարանական գործընթացի կանոններին, հարցուպատասխանին մասնակցել: Սա մի նոր հնարավորություն է և իրավունքներն ու պարտկանությունները մեկտեղվում են, որովհետև հակառակ պարագայում մի պաշտոնյան ուներ պարտականություններ, մեկ ուրիշը` իրավունքներ: Խորհրդարանն է ընտրում վարչապետին և հաստատում կառավարության կողմից ներկայացված ծրագիրը, այսինքն` խորհրդարանը կարողանում է արձագանքել կառավարությանը, նաև` վարչապետին: Այս համակարգն ավելի արդյունավետ համակարգ է»,- ասաց նա:
Մինասյանը Հայաստանի վերջին 10 տարիների ցուցանիշները համեմատել էր Վրաստանի ցուցանիշների հետ, դրանցից ուշագրավն այն էր, որ Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիների ընթացքում մեր դրամը արժեզրկվել է 16%-ով, իսկ վրացական լարին` 46%-ով, մշտական բնակչության թիվը մեզ մոտ նվազել է 5 տոկոսով, Վրաստանում` 15 տոկոսով:
Մինասյանն անդրադարձավ նաև շուրջ 6 օր Երևանի փողոցներում իրականացվող ցույցերին: «Մեր քաղաքացիների մի մասը, առաջնորդվելով «Ելք» խմբակցության գործընկերներից ոմանց կոչերով, դուրս է եկել փողոց և իրացնում է իր իրավունքները: Դա նորմալ երևույթ է ժողովրդավարական երկրներում: Տեղի ունեցող գործողությունները, ընդդիմության մեր գործընկերների և իշխանության ներկայացուցիչների կողմից հույս են ներշնչում, որ ամեն ինչ կմնա օրենքի սահմաններում: Քանի դեռ այս ամեն ինչը կմնա օրենքի շրջանակներում, դա մեր միջազգային վարկը կբարձրացնի»,- ասաց պատգամավորը:
Հարցին` ցուցարարների թիվը չի՞ անհանգստացնում իշխանություններին, հազարավոր քաղաքացիներ փողոցում դժգոհում են հենց իրենց վարած քաղաքականությունից, նա պատասխանեց. «Ժողովրդավարական երկրներում այլ կերպ լինել չի կարող, միշտ լինում են զանգվածներ, հասարակության շերտեր, որոնք այս կամ այն պատճառով դժգոհ են լինում վարվող քաղաքականությունից, և դա ոչ միայն բնական է, այլև ողջունելի, քանի դեռ այդ ամենն իրականացվում է օրենքի սահմաններում: Ի դեպ, երբ ասում եմ` օրենքի սահմաններում, խոսքը վերաբերում է թե' ցուցարարներին, թե' իշխանության ներկայացուցիչներին` ոստիկանությանը, որովհետև նրանք էլ իրենց քայլերը պետք է իրականացնեն օրենքի սահմաններում»:
Մինասյանը նշեց, որ ոստիկանության կողմից ձայնային նռնակներ կիրառելը օրենքի սահմաններում է եղել, ըստ նրա` եթե նրանք գերազանցել են իրենց իրավունքները, ապա կլինեն ծառոյողական քննություններ և պատասխանատվության կենթարկվեն: