կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-11 16:16
Հասարակություն

Գործել է «Ինչքան շատ փող, այնքան շատ վարկանիշ» բանաձևը. Զոհրաբյանը` ռեյտինգային ընտրակարգի մասին

Գործել է «Ինչքան շատ փող, այնքան շատ վարկանիշ» բանաձևը. Զոհրաբյանը` ռեյտինգային ընտրակարգի մասին

ԱԺ-ում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց հաղորդում կառույցի գործունեության մասին:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը Մուկուչյանից հետաքրքրվեց` ինչո՞վ է պայմանավորված ռեյտինգային ընտրակարգը հանելու նկատմամբ ԿԸՀ-ի բացասական վերաբերմունքը:

Մուկուչյանը պատասխանեց, որ իրենք իրավունք չունեն նման սկզբունքային հարցերի վերաբերյալ որոշում կայացնելու: «Դա հանձնաժողովի խնդիրը չէ, օրենսդրության կարգավորման խնդիր է, որը քաղաքական ուժերի մենաշնորհն է»,- ասաց նա:

Բոստանջյանն էլ նշեց, որ գիտի, որ Մուկուչյանը հին օրենսդիր է և կարող էր միջամտել: «Բնականաբար, հանձնաժողովը նման իրավունք չունի, բայց ես գիտեմ, որ հին օրենսդիր եք, կարող էիք միջնորդել, որ ընդունվեր»,- ասաց նա:

Մուկուչյանն արձագանքեց, թե ձեռնպահ կմնա կարծիք հայտնելուց:

Ռեյտինգային ընտրակարգի վերանայման հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ չի ցանկանում քննարկել` որքանով էր ԿԸՀ-ի աշխատանքն արդյունավետ, որքանով էին անցած ընտրությունները արտացոլում հանրային կարծիքը, որքանով էր ընտրակեղծարարության էպոպեաներ անցել` սկսած անկախության ժամանակից ի վեր:

«Ուզում եմ անդրադառնալ  խորհրդարանական վերջին ընտրություններին և կրկին նշել, որ, այսպես կոչված, ռեյտինգային ընտրակարգը ցույց տվեց իր բացարձակ ապաքաղաքական լինելը: Տեղի ունեցան ոչ թե ընտրություններ կուսակցությունների բրենդների, գաղափարների միջև, այլ պայքար ռեսուրսների միջև»,- ասաց նա, ապա հիշեցրեց, որ հարցի շուրջ կա «մինուս մեկ» խորհրդարանական կոնսենսուս:

Զոհրաբյանն առաջարկեց ստեղծել աշխտանքային խումբ` բարելավելու համար Ընտրական օրենսգիրքը, վերանայելու ռեյտինգային ընտրակարգը, ինչպես նաև քննարկելու ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի առաջարկությունները:

«Այս ընտրակարգով գնալ ընտրությունների` նշանակում է հերթական անգամ ունենալ աղճատված ընտրություններ, որոնք չեն արտահայտելու հանրության իսկական տեսակետը»,- ասաց նա:

Զոհրաբյանը կոչ արեց մեծամասնությանը` չհամառել: «Ինքներդ էլ հասկանում եք, որ ընտրություններ գաղափարների և ծրագրերի միջև տեղի չեն ունեցել: Գործել է «Ինչքան շատ փող, այնքան շատ վարկանիշ» բանաձևը: Այս ֆորմուլայով մենք չենք կարող գնալ հաջորդ ընտրություններին, և ձևակերպումը, որ դեռ բավականաչափ ժամանակ կա, կհասցնենք փոփոխություն կատարել, ճիշտ չէ: Բանն այն է, որ մենք փոփոխություններ կատարում ենք ընտրությունների նախաշեմին `ափալ-թափալ` չունենալով ժամանակ ավելի հանգամանալից քննարկել փոփոխությունները բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Պետք է փոփոխություններն անել հիմա, քանի մինչև հաջորդ ընտրություններ ժամանակ կա»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ ռեյտինգային ընտրակարգը վերանայելու առաջարկ ի սկզբանե արել է ՀՅԴ-ն, և ներկայումս խորհրդարանական երեք ուժերը համամիտ են այս ընտրակարգը վերանայելու հարցում, դեմ է միայն իշխող մեծամասնությունը` ՀՀԿ-ն: