կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-12 11:37
Քաղաքական

Չենք կարող չտեսնելու տալ ռեյտինգային ընտրակարգի թերությունները. Արմեն Ռուստամյան

Չենք կարող չտեսնելու տալ ռեյտինգային ընտրակարգի թերությունները. Արմեն Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԱԺ ճեպազրույցում պնդեց, որ ռեյտինգային ընտրակարգի հետ կապված տարաձայնությունը մինչև կոալիցիա ձևավորելն էլ եղել է: Նա նշեց, որ իրենք Ընտրական օրենսգրքի շուրջ գնացել են համախոհության, սակայն 4+4+4 ձևաչափով քննարկումների ժամանակ էլ հայտարարել են, որ ռեյտինգային ընտրակարգը շեղում է համամասնական ընտրակարգի դասական ձևից:

«Այն ժամանակ էլ ասել էինք, որ ավելի շատ ձայն ստացողը կարող է չստանալ մանդատ, ամենաքիչը` ստանալ: Մենք այդ հարցը երբեք չենք հանել մեր օրակարգից, հիմա էլ ունենք մեր օրակարգում` անկախ նրանից, որ գիտեինք, որ ՀՀԿ-ն դեմ է այս ընտրակարգի վերանայմանը, սակայն շարունակելու ենք այդ ուղղությամբ մեր մոտեցումները պաշտպանել»,- ասաց պատգամավորը:

Ռուստամյանն ընդգծեց, որ իրենք չեն կարող չտեսնելու տալ համակարգի թերությունները, երբ մարդիկ ձայն են տալիս մեկին, բայց ընտրվում է ավելի քիչ ձայն ստացածը: Ըստ նրա` այս պարագայում մարդիկ կասեն, որ այդ ձայներն իզուր են տալիս:

«ՀՀԿ-ի հետ քննարկվող հիմնական հարց պետք է լինի` ինչպե՞ս լուծել այս խնդիրները: Այս հարցը երկար շրջանցել չի լինելու, այս հարցը պետք է ստանա պատասխան: Բազմաթիվ լուծումներ կարող են լինել, բայց սահմանադրական նորմը, պահանջն այն է, որ ընտրությունները համամասնական են: Մենք բոլոր տարբերակներին համաձայն ենք, որ այս աննորմալ ձևով ընտրակարգը չլինի, այս հարցը լուծում ստանա»,- ասաց Ռուստամյանը և հավելեց, որ իրենք կողմ են դասական համամասնական ընտրակարգին:

Միևնույն ժամանակ նա չցանկացավ նշել, թե որն է պատճառը, որ ՀՀԿ-ն չի ուզում զիջումների գնալ այս հարցում: «Չեմ ուզում քննարկումներից առաջ հայտարարություն անել, մենք ունենք շատ մեծ փորձ, երբ բանակցությունների փուլում սեպարատ հայտարարություններ են արվում, իսկ դա վնաս է բանակցություններին: Ձեռնպահ եմ մնում պատասխանել, թե ինչու ՀՀԿ-ն չի ուզում վերանայել այս համակարգը»,- եզրափակեց Ռուստամյանը: