Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընտրական օրենսգիրքն ընդունելիս իշխանությունը զիջման չգնաց ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու հարցում: Քաղաքական մեծամասնությունն այն դիտարկում էր որպես ԱԺ նախորդ ընտրություններում իր վերարտադրումն ապահովող` մեծամասնական ընտրակարգին փոխարինող մեխանիզմ: Սակայն երկու օր առաջ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում չի բացառել, որ նոր խորհրդարանը կվերանայի այդ ընտրակարգը: Ավելի վաղ նաև ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էր նշել, որ ռեյտինգային համակարգը ընտրություններից հետո հաստատ կվերանայվի՝ դրանում առկա բացերի պատճառով: Ռուստամյանը նկատի ուներ, որ ռեյտինգային ընտրակարգի գործող մեխանիզմներով հնարավոր է, որ ավելի քիչ թվով ձայներ ստացած պատգամավորը հայտնվի խորհրդարանում, իսկ ավելի շատ ձայներ ստացածը՝ ոչ: Բայց պետք է ենթադրել, որ ռեյտինգային ընտրակարգը ՀՀԿ-ին սկսել է մտահոգել թերևս ոչ այնքան այդ պատճառով:
Ռեյտինգային այս ընտրակարգը մշակվել է, որպեսզի, ուզեն, թե չուզեն, դրանով առաջադրվող թեկնածուներն առաջին հերթին աշխատեն իրենց առաջադրած կուսակցության կամ դաշինքի օգտին: Ենթադրվում էր, որ որքան ընտրատարածքում շատ լինեն ազդեցիկ, այսպես կոչված` «ձայն բերող» թեկնածուները, այնքան նրանք միասնաբար, կամա, թե ակամա, ավելի շատ կաշխատեն այդ քաղաքական ուժերի համար քվե ապահովելու ուղղությամբ: Նախկին մեծամասնական ընտրակարգի դեպքում այդ թեկնածուներն իրենց պաշտպանած քաղաքական ուժերի առջև որևէ պարտավորություն չունեին և իրենց ռեսուրսների հիմնական մասն ուղղում էին ավելի շատ անձնական, քան քաղաքական ուժի հաղթանակին: Դրանով էր բացատրվում նույն ընտրատարածքում մեծամասնականով ընտրված պատգամավորների և նրանց ներկայացրած քաղաքական ուժերի ստացած քվեների միջև եղած` երբեմն ահռելի տարբերությունը: Ներդնելով ռեյտինգային ընտրակարգը՝ իշխանությունը, փաստորեն, փորձեց ստեղծել պայմաններ, որ ոչ թե իր քաղաքական ուժերը կախվածության մեջ լինեն այդ անձանցից, այլ նրանք՝ իրենցից և ուզեն, թե չուզեն ընտրություններում սպասարկեն առաջին հերթին այդ ուժերի շահերը: Սակայն հիմա, երբ եկել է այդ ընտրակարգը գործնականում կիրառելու պահը, իշխանությունը հասկացել է, որ ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ:
Խնդիրն այն է, որ հիմա ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներն ստիպված են լինելու աշխատել երկու ճակատով միաժամանակ` քաղաքական մակարդակում՝ մրցակցող ուժերի դեմ, անձնական մակարդակում՝ նույն ցուցակի ներսում միմյանց դեմ: Սա նշանակում է, որ, նախկինի համեմատ, շատ ավելի մեծ ռեսուրսներ են ծախսվելու այդ թեկնածուների կողմից գրեթե միևնույն արդյունքն ապահովելու համար: Բացի դրանից՝ քանի որ, որպես կանոն, խոշոր ու իշխանական ուժերը «ձայներ բերելու» գործառույթը մեծ մասամբ դնում են քրեաօլիգարխիկ շրջանակների, առանձին ռեգիոններում` թաղամասերում հեղինակություն ունեցող օդիոզ կերպարների վրա, մեծանում է վտանգը, որ ներթիմային, անձնական տիրույթում ընթացող մրցակցությունը կարող է հանգել անկանխատեսելի հետևանքների, ստեղծել անկառավարելի իրավիճակներ՝ ընտրարշավը վերածելով ներքին «ռազբորկաների» թատերաբեմի, և թիմի ներսում հարուցել լուրջ ճաքեր: Դրա դեմ պայքարելու միակ տարբերակը ներքին հրահանգով պարտադրելն է` աշխատել կոնկրետ թեկնածուների օգտին՝ անկախ նրանից, թե տարածքային ցուցակներում քանի հոգի են ընդգրկված: Սակայն այս դեպքում հարց է առաջանալու, թե ինչո՞ւ պետք է մյուսները շահագրգռված լինեն իրենց ռեսուրսներն ուրիշների օգտին օգտագործել, եթե ԱԺ մտնելու հնարավորությունից զրկվելու են: Իսկ եթե զրկվելու են, ապա ինչո՞ւ պետք է հետագայում վստահեն այդ ուժերին: Ահա, թե ինչու ռեյտինգային ընտրակարգը, տակտիկական առումով, իշխանության համար կարող է դառնալ գլխացավանք:
Սակայն իրականում խնդիրը ոչ թե մարտավարական է, այլ համակարգային և առնչվում է խորհրդարանական կառավարման համակարգի արդյունավետությանը: Ռեյտինգային ընտրակարգը սպառնում է, առհասարակ, քաղաքականությունը դուրս բերել քաղաքականության տրամաբանությունից: Դրանով վերջնականապես լեգիտիվացվում է քաղաքականության կախվածությունը «ընտրողներ որսալու» մեթոդներին ու գործիքներին տիրապետող ապաքաղաքական, կրիմինալ, օլիգարխիկ շրջանակներից, «թաղի լավ տղերքից» ու մերօրյա ֆեոդալներից: Եթե չասենք` վերացվում, ապա էականորեն նվազեցվում է ընտրապայքարի և, առհասարակ, քաղաքականության քաղաքակիրթ ատիբուտիկայի՝ թիմի, ծրագրի, գաղափարակրության դերը: Քաղաքական դեբատները դառնում են լրիվ ավելորդ մի բան, որովհետև ընտրողներին գրավելու, համոզելու հիմնական, ազդեցիկ գործիքները դառնում են զոռբայությունը, ճարպկությունը, աներեսությունը, շանտաժը, մարդկանց նկատմամբ բարոյական, հոգեբանական, սոցիալական, տնտեսական, քաղաքական, կոմպրոմատային ճնշումները, որոնք արդյունավետ են Հայաստանի նման փոքր, աղքատ և գաղութային անցյալ ունեցող երկրներում:
Քաղաքական ուժերը, որոնց ռեսուրսը քաղաքացին է, իրենց գաղափարական հենքը, թափանցիկ գործելակերպն ու սկզբունքայնությունը, նման ընտրակարգի պարագայում դառնում են գրեթե անմրցունակ՝ կանգնելով երկընտրանքի առջև: Ընդունել խաղի՝ իրենց թելադրվող այդ կեղտոտ, քաղաքական ու ընտրական համակարգն այլասերող խաղի կանոնները և դառնալ այդ այլասերման մեքենայի պտուտակներից մեկը: Այս դեպքում ուղղակի կդադարեն կուսակցություն լինելուց և կդավաճանեն իրենց քաղաքական համոզմունքներին ու արժեքներին: Կամ` հանուն դրա, չընդունել այդ կանոնները՝ հստակ պատկերացնելով, որ առանց քաղաքական, ընտրական համակարգից հիասթափված ընտրողին արթնացնելու կարող են դուրս մնալ խորհրդարանից, որոշների դեպքում` լուսանցքային վիճակում հայտնվել: Արդյունքում` ԱԺ-ում որակ կկազմի այն մասսան, որը քաղաքական համակարգի, մշակույթի հետ ոչ մի ընդհանուր բան չունի և ունակ է սպասարկելու միայն իր շահերը ու ձևավորելու այնպիսի կառավարություն, որը ստիպված կլինի պաշտպանել միայն իր շահերը: Չպետք է մոռանալ, որ ապագա ԱԺ-ի գրեթե կեսը կարող են ձևավորել հենց ռեյտինգային ընտրակարգով ընտրվածները: Եվ հենց այս հանգամանքներն են օրակարգային դարձնում ռեյտինգային ընտրակարգից օր առաջ ձերբազատումը:
Գևորգ Դարբինյան