|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ հայկական գինեգործական 16 ընկերություններ միասնական տաղավարով ներկայացրել են իրենց արտադրանքը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դյուսելդորֆ քաղաքում տեղի ունեցած գինու և ալկոհոլային ըմպելիքների՝ «Պրովայն Դուսելդորֆ 2018» ամենամյա միջազգային ցուցահանդեսին, որը համարվում է խոշորագույններից մեկն աշխարհում:
Ընկերությունների կողմից ներկայացվել են ավելի քան 130 տեսակի հանգիստ և փրփրուն գինիներ: Ցուցահանդեսի ամբողջ ընթացքում հայկական տաղավարը այցելուների մեծ հոսք է ունեցել: Մի շարք ընկերություններ ցուցահանդեսից վերադարձել են ոսկե և արծաթե մեդալներով:
Ցուցահանդեսի շրջանակում գինեգործ Վիլի Օպիցի կողմից անց է կացվել հայկական գինիների համտես՝ միջազգային լրատվամիջոցների, գինու մասնագետների և առևտրային ներկայացուցիչների համար:
Համաձայն նախնական վերլուծությունների` ցուցահանդեսին մասնակցության արդյունքում մասնակից ընկերություններն ընդհանուր առմամբ ունեցել են ավելի քան 500 հանդիպում հնարավոր գնորդների հետ։ Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել 200 նախնական պայմանավորվածություններ:
Հայկական տաղավար է այցելել նաև ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Վերջինս հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի ուղեկցությամբ շրջայց է անցկացրել հայկական տաղավարում, համտեսել գինիները` կարևորելով Հայաստանի մասնակցությունը նման կարևոր ու զանգվածային միջոցառումներին:
Ցուցահանդեսին ընդհանուր առմամբ ներկայացված էին ավելի քան 6600 ընկերություններ, այցելուների թիվը կազմել է շուրջ 60.000: