կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-10 15:01
Սպորտ

Հունահռոմեական ոճի պատանի ըմբիշները մեդալներով են վերադարձել Մոսկվայից

Հունահռոմեական ոճի պատանի ըմբիշները մեդալներով են վերադարձել Մոսկվայից

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանը Հայաստանի ըմբշամամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հետ զրույցում հայտնել է, որ Մոսկվայում օրերս  կայացած խոշոր միջազգային մրցաշարից  բրոնզե մեդալներով են վերադարձել մեր նոր ձևավորվող հավաքականի հիմնական թեկնածուները: Տասը երկրների մասնակցությամբ 400-ից ավելի ըմբիշների պայքարում իրենց լավագույն կողմերով են դրսևորել հավաքականի երկրորդ մարզիչ Ալեքսան Հովհաննիսյանի գլխավորությամբ հանդես եկած Սերգեյ Սիմոնյանը (46), Էդգար Թամրազյանն (54) ու Մալխաս Թամոյանը (63): Ի դեպ, բոլորն էլ տոնել են հինգ հաղթանակ: Մեր պատվիրակության հինգ ըմբիշներից լավ է հանդես եկել նաև 58 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, ով սակայն բավարարվել է 5-րդ տեղով:

 

Հիշեցնենք, որ հունվարի վերջին Իրանի Մաշադ քաղաքում տեղի ունեցած մեկ այլ պատվաբեր մրցաշարում  69 կգ քաշային Հարություն Ալեքսանյանը գրավել էր առաջին տեղ, իսկ 50 կգ քաշային Հայկ Մելիքյանը՝ 3-րդ տեղ: Մաշադում հայ ըմբիշները երրորդն էին նաև թիմային պայքարում:

 

«Իհարկե, հավաքականի կազմը վերջնական տեսքի կգա մայիսին կայանալիք Հայաստանի պատանեկան առաջնությունից հետո, սակայն այս երկու մրցաշարերից արդեն երևաց, թե ովքեր են ընդգրկվելու հավաքականում և պայքարելու մեդալների համար: Կոնկրետ Մոսկվայի մրցաշարի մեդալակիրները կարող են պայքարել նաև Եվրոպայի առաջնության պարգևների համար»,- ասել է  Գագիկ Խաչատրյանը: