կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-16 17:49
Հասարակություն

Հայաստանի Հանրապետության կազմավորումը. Բաթումի պայմանագիրը

Հայաստանի Հանրապետության կազմավորումը. Բաթումի պայմանագիրը

Աղբյուրը՝ arfd.am

Շարունակում ենք ներկայացնել հատվածներ պատմական գիտությունների դոկտոր Արարատ Հակոբյանի «Հայաստանի Հանրապետությունը» գրքից: Գիրքը գրվել է Հայաստանի Հանրապետության հարյուրամյակի առիթով: Ներկայացնելով աշխարհաքաղաքական իրողությունները, որոնց պայմաններում, անհնարինը հնարավոր դարձնելով, կերտվեց Հայաստանի Հանրապետությունը, աշխատության հեղինակը հատկապես կանգ է առնում այն իրագործումների վրա, որոնք հնարավոր եղավ կարճ ժամանակահատվածում եւ բարդ պայմաններում իրականացնել պետականաշինության, բանակաշինության, սոցիալ-տնտեսական, ինչպես եւ կրթամշակութային եւ այլ ոլորտներում: Իր պետականության նկատմամբ ժողովրդի հավատի ու վստահության վրա հենվելով օրվա գործիչներին հաջողվեց երկուսուկես տարվա ընթացքում նորաստեղծ հանրապետության սահմանները 12.000-ից հասցնել 71.000 քառակուսի կիլոմետրի: Դժբախտաբար քեմալական Թուրքիայի եւ բոլշեւիկյան Ռուսաստանի ռազմաքաղաքական պարտադրանքի ներքո ոչ միայն հանրապետությունն ընկավ, այլ մոտ 40.000 քառակուսի կիլոմետր տարածք զոհաբերվեց այս ոճրագործ գործարքին:
Ընթերցողը շուտով հնարավորություն կունենա ծանոթանալու հրատարակվող ամբողջական գրքին:

Արարատ Հակոբյան

Հայաստանի Հանրապետությունը

Հայաստանի Հանրապետության կազմավորումը- Բաթումի պայմանագիրը

Մայիսյան հերոսամարտերի ահեղ օրերին Անդրկովկասյան սեյմը (պառլամենտը) ցրվեց ու կազմալուծվեց Անդրկովկասյան Հանրապետությունը: Դա ենթադրում էր, որ իրենց անկախությունը հռչակած յուրաքանչյուր հանրապետություն պետք է ինքը առանձին լուծեր Թուրքիայի հետ պատերազմի ու խաղաղության հարցը: Հենց այդ առաքելությամբ նորանկախ Հայաստանի պատվիրակությունը, Ալ. Խատիսյանի գլխավորությամբ, մեկնեց Բաթում` թուրքերի հետ բանակցելու և հաշտություն կնքելու: Մի քանի օր տևած բանակցությունների արդյունքում 1918 թ. հունիսի 4-ին հայության համար շատ ծանր պայմաններով կնքվեց Բաթումի հաշտության պայմանագիրը՝ Հայաստանի Հանրապետության և Օսմանյան Թուրքիայի միջև:

14 հոդվածից բաղկացած պայմանագրի համաձայն` Հայաստանը ունենալու էր սահմանափակ թվով զորք` ընդամենը մեկ դիվիզիա: Երկաթուղիների վերահսկողությունն անցնելու էր Թուրքիային, որպեսզի իբր՝ կարողանա Հայաստանի վրայով զորք տեղափոխել Ադրբեջան` խորտակելու Բաքվի կոմունան: Դրանից զատ` Հայաստանը պարտավորվում էր կազմալուծել հայկական անկանոն զորախմբերը և այլն:
Տարածքային առումով Թուրքիային էր անցնում ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյան Հայաստանի զգալի մասը` Կարսի մարզը և երկաթուղու երկայնքով ձգվող շուրջ 5 գավառ: Հայ-թուրքական սահմանագիծը սկսվում էր Ախալքալաքի սահմանից, իջնում էր հարավ` Աղբուլաղ կայարան, այնտեղից ուղիղ գծով դեպի Արագածի ամենաբարձր գագաթը, որտեղից իջնում էր Էջմիածնից 7 կմ արևմուտք և շրջանցելով քաղաքը երկաթուղուն զուգահեռ 6 կմ բացվածքով ձգվում էր մինչև Շարուր-Նախիջևան` Արփայի դաշտը: Հայաստանի Հանրապետությանը փաստորեն մնում էր ընդամենը 12 հազ. քառ. կմ տարածք, որն ընդգրկում էր Սևանա լճի ավազանը և Արարատյան դաշտի մի մասը: Այս կապակցությամբ տեղին է հիշեցնել, որ Լեոն (Առաքել Բաբախանյանը), նկատի ունենալով նորահռչակ հանրապետության անձուկ տարածքը, այն համարում էր ոչ թե ապրելու համար տեղ, այլ ընդամենը գերեզմանոց: Այդուհանդերձ, այս կապակցությամբ գլխավորն անկախության փաստի արձանագրումն ու ընդունումն էր բիրտ թշնամու` Թուրքիայի կողմից: Ընդհանուր հաշվով` Թուրքիան Արևելյան Հայաստանից խլում էր 28 հազ. քառ. կմ տարածք: Բաթումի պայմանագիրը, որը չի վավերացվել ո´չ Հայաստանի և ո´չ էլ Թուրքիայի կառավարությունների կողմից, իր ուժը պահպանեց մինչև համաշխարհային պատերազմի ավարտը:

Հարց է ծագում. եթե հայ ժողովուրդը հաղթանակ էր տարել Մայիսյան հերոսամարտերում, ապա ինչո՞ւ էր նման կողոպտիչ պայմանագիր կնքում: Բանն այն էր, որ չնայած Մայիսյան հաղթական հերոսամարտերին, այդուհանդերձ, պահպանվում էր թուրքական մահացու վտանգը: Բաքու շտապող թուրքական զորքը մտադիր էր այն գրավելուց հետո հետ դառնալ : Սակայն, ինչպես ասում են, ուրբաթն ավելի շուտ եկավ, քան շաբաթը: Իրադարձությունները զարգացան այնպես, որ հայկական կողմը, մեծ զիջումների գնով, հնարավորություն ունեցավ դադար վերցնել ու որոշ ժամանակ շահել՝ այն իմաստով, որ, երբ 1918 թ. սեպտեմբերի 15-ին Բաքուն գրավելուց հետո, թուրքերը հետ դարձան ու ներխուժեցին Արցախ, գրավեցին Շուշին, սակայն խրվեցին այնտեղ, իսկ հոկտեմբերի 18-ին անգամ պարտություն կրեցին։ Մինչ այդ անգլիացիները հաղթել էին նրանց Արարայում ու փլուզվել էր թուրքական գլխավոր՝ Պաղեստինի ճակատը, ուստի և հոկտեմբերի 30-ի Մուդրոսի զինադադարով թուրքերը հարկադրված էին հեռանալ Անդրկովկասից։

Ճակատագրի հեգնանքով, Բաթումի պայմանագիրը անկախ Հայաստանի առաջին միջազգային փաստաթուղթն էր, որով Թուրքիան առաջինն էր պաշտոնապես ճանաչում Հայաստանի անկախությունը: Դա պատերազմից դուրս գալու և հայ ժողովրդին վերջնական բնաջնջումից ազատելու միակ հնարավոր ելքն էր այդ ժամանակ: Վարչապետ Քաջազնունու կառավարությունը, բարդությունների և թյուրիմացությունների տեղիք չտալու համար մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը աշխատում էր հավատարիմ մնալ այդ պայմանագրին: Բաթումի պայմանագրի շնորհիվ ձեռք բերված դադարը հնարավորություն տվեց սկսելու պետականաշինության գործընթացը։