կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-02 12:44
Քաղաքական

Հրայր Թովմասյանը ընդդիմադիր է եղել, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ. Փաշինյան

Հրայր Թովմասյանը ընդդիմադիր է եղել, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ. Փաշինյան

ԱԺ-ում ՍԴ անդամի թեկնածու Հրայր Թովմասյանին ընտրելու հարցի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ հարկ է համարում անդրադառնալ Հրայր Թովմասյանի վերջին 15-16 տարիների կենսագրությանը` ոչ թե նրա անձնական հատկանիշները բնորոշելու, այլ Հայաստանում քաղաքական գործունեության, աշխատանքային առաջընթացի մի շարք նրբություններ վերհանելու համար։

«Երեկ ես հարց տվեցի Հրայր Թովմասյանին` արդյո՞ք «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության հիմնադիր անդամ չի եղել, և նա այս հարցին պատասխանելիս ասաց` ոչ, սխալվում եք, ես հիմնադիր անդամ չեմ եղել: Տպավորություն էր, որ ընդհանրապես «Ժառանգություն» կուսակցության անդամ չի եղել, մինչդեռ պարոն Թովմասյանը եղել է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության վարչության անդամ»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ այս նույն տրամաբանությամբ էլ աշխատում է մեր դատական համակարգը։ Նա հիշեցրեց, որ Հրայր Թովմասյանն ընդդիմադիր եղած ժամանակ հարցազրույցում նշել էր, որ Մարտի 1-ի դատավարություններն ամոթ էին մեր երկրի համար: «Բայց, ո՜վ հրաշք, հինգ ամիս հետո նա դարձավ արդարադատության նախարար, այսինքն՝ ՔԿՀ-ների ղեկավար, բանտերի համակարգի ղեկավար, որտեղ գտնվում էին Մարտի 1-ի խայտառակ դատավարությամբ դատապարտվածները, այդ թվում` նաև ես»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի` Հրայր Թովմասյանի պաշտոնավարման ընթացքում երկրում ապօրինությունները չեն նվազել և դեռ մի բան էլ ավելացել են:

«Մարտի 1-ի դատավարությունները քննադատող մարդն ինչո՞ւ էր ընկել դատարաններում հետապնդվող մարդկանց հետևից, պարզ պատճառով՝ գիծ էր անցել և հայտնվել պարզ ընտրության առաջ` եթե հիմա ամեն ինչ չանի` այս մեծամասնության կանոններին համաձայն, կասեն՝ կարող ա՞ գիտես` եկել ես, որ շարունակես քո ընդդիմադիր, ազատամիտ զամաշկաները, տե'ս հա, կհանենք: Առաջանում է վախ, որ, կոպիտ ասած, «տարած, հետ բերածի» կարգավիճակում չհայտնվի: Նա պետք է ամեն օր ապացուցի իշխանությանը և Սերժ Սարգսյանին իր հավատարմությունը, որ հետ գալու գիծն անցել է: Հետո գիծը շարունակվում է 2012-ին` դառնում է ՀՀԿ անդամ, նախարար, ԱԺ աշխատակազմի ղեկավար»,- ներկայացրեց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ Հրայր Թովմասյանի մասին վատ բան չի ասում: «Ցույց եմ տալիս աշխատանքային առաջընթացի, քաղաքական առաջընթացի և, ընդհանրպես, որևէ առաջընթացի հիմնական նախապայմանը, որ գոյություն ունի, այն է` Սերժ Սարգսյանի թրի տակով անցել ես, թե` չէ: Ուզում ես` Հրայր Թովմասյան եղիր, դաժե` Գևորգ Կոստանյան, շանս չունես ընդհանրապես, ինչքան լավ մասնագետ ուզում ես լինես»,- ասաց Փաշինյանը:

Նրա կարծիքով` Թովմասյանը որ պահին հոտառությունը կորցնի, նա ոչ թե ՍԴ անդամ կլինի, այլ 3 րոպե հետո «Արթիկ» ՔԿՀ-ի որևէ խցում նստած կլինի։

«Ելք» խմբակցության ղեկավարը շարունակեց` նշելով, որ երբ իշխանությունում տեսնում են ընդդիմության`շատ, թե քիչ մասնագիտական հեռանկար ունեցող անձի, ասում են` ի՞նչ գործ ունես, շատ-շատ քո հեռանկարը բանտն է, արի մեզ մոտ՝ ավտո, տուն, դաչա, սիրուն աղջիկներ, որովհետև դու այնտեղ որևէ հեռանկար չունես: «Երբ խոսում ես ընդդիմության գործունեության մասին, ուղղակի ձեռ են առնում, քննադատում: Ժողովուրդը սա տեսնում է ու ասում` մեկ ա` շոու է», -ասաց Փաշինյանը:

Նա անդրադարձավ նաև այն բանին, ինչ մոռացել էր ասել ԲԴԽ անդամների ընտրության ժամանակ: «ԲԴԽ անդամների ընտրությունների ժամանակ ես մի կարևոր բան մոռացա ասել` երբ որ Գևորգ Դանիելյանը արդարադատության նախարար էր, նրանց աշխատանքից ազատեցին 2010 թվականի դեկտեմբերին: Հետո ի՞նչ պարզվեց, ինչի՞ են ազատել` ինչ-որ միջադեպ էր եղել, և Սերժ Սարգսյանը Գեւորգ Դանիելյանին հանձնարարել էր, որ` Միհրան Պողոսյանին նկատողություն կանես, ու հետո պարզվել էր, որ Գևորգ Դանիելյանը նույնիսկ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ դուխը չէր հերիքել, որ Միհրան Պողոսյանին նկատողություն աներ։ Հիմա էդ մարդը եկել, այս ամբիոնից ասում է` ես դատավորների անկախությունը և ինքնուրույնությունը պետք է ապահովեմ: Տնաշե'ն, դու Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ նախարար եղած, նույնիսկ քո ինքնուրույնությունը չես կարողացել ապահովել, դու ուրիշների ինքնուրույնությունը ո՞նց կարող ես ապահովել»,- եզրափակեց Փաշինյանը: