Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Աժ-ն շարունակեց արտահերթ նիստը, ուր քննարկվում էր ԱԺ պետա-իրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գևորգ Կոստանյանի թեկնածության առաջադրման հարցը: Հիշեցնենք, որ Աժ պետա-իրավական և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը Հրայր Թովմասյանն էր, ով այդ պաշտոնը թողեց` ՍԴ անդամի պաշտոնում առաջադրվելու նպատակով: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի համոզմամբ` մեծ պատիվ է այդ պաշտոնում առաջադրել Գևորգ Կոստանյանի թեկնածությունը:
«Ամենաառանցքային բնութագիրը, որը կարող եմ ես տալ Գևորգ Կոստանյանին, դա պետական մտածողության վառ արտահայտված լինելն է, ինչպես նաև մասնագիտական ու մարդկային սկզբունքայնությունը: Վստահ եմ, որ Գևորգ Կոստանյանի ընտրության դեպքում կառավարության ապագա մեր գործընկերները պետք է շատ ավելի համոզիչ փաստարկներով հանդես գան ու ավելի մանրակրկիտ մշակեն օրենսդրական փաթեթները` դրական եզրկացություն ստանալու համար»,- ասաց Սամվել Ֆարմանյանը: Նա կարևորեց պետական բարձր ու պատասխանատու պաշտոններում այն մարդկանց ընտրությունը, որոնք հակված են երկխոսության:Նաև հույս հայտնեց, որ Գևորգ Կոստանյանը ապագայում քննարկման առարկա կդարձնի նաև ընդդիմության փաստարկման ուժով առաջ քաշված հարցերը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ևս նշեց, որ ԱԺ պետա-իրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահը պետք է ունենա պետական մտածողություն, լինի համարձակ, սկզբունքային, պատասխանատու, իսկ Գևորգ Կոստանյանը այդպիսին է, ըստ Շարմազանովի:
«Գևորգ Կոստանյանը երբեք որևէ մեկին դուր գալու խնդիր, սիրաշահելու խնդիր իր առջև չի դրել: Գևորգ Կոստանյանի` գլխավոր դատախազ նշանակելուց հետո կոռուպցիոն ռիսկերը էականորեն նվազել են»,- ասաց Շարմազանովը:
Մեկ այլ ՀՀԿ-ական` Մարգարիտ Եսայանը համոզմունք հայտնեց, որ Գևորգ Կոստանյանը կայացել է, որպես լավ գլխավոր դատախազ:
«Ոսկեղենիկ անգլերենով, ընտիր իրավաբանական պահվածքով: Մենք հիմա լավ բարեկամներ ենք: Եվ այստեղ կարիք չկա Գևորգ Կոստանյանին բնութագրևել, քանի որ նա սիրված է:ՀՀ-ում տեղի է ունենում շատ սիրուն իշխանափոխություն, երբ պրոֆեսիոնալ երիտասարդների մի լավ շքերթ է սկսվել մեր հանրապետությունում: Գևորգ Կոստանյանը դուխով առաջ գնացող պետական գործիչ է»,- ասաց Մարգարիտ Եսայանը:
ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանը, ում պետք է փոխարինի Գևորգ Կոստանյանը, նշեց, որ վերջինս իր վաղեմի ընկերն է, և իր մասին որևէ վատ բան չի կարող ասել: Նրա հիմնական հատկանիշներից նշեց սկզբունքայնությունն ու պրոֆեսիոնալիզմը:«Երբեմն կատակով կարող է ասենք, որ նրա այդ ծայրահեղ սկզբունքայնությունը կարող է պնդաճակատություն դիտարկվել, բայց երբ սկզբունքայնությունը լրացվում է պրոֆեսիոնալիզմով, դա շատ կարևոր է պետական պաշտոնի համար:Որքան էլ պրակտիկ դաշտում նա աշխատեց, նա չդադարեց մաքրքմաքուր իրավաբան լինելուց: Նա լավ բանակցող է, և նուրբ հոգի ունի»,- ասաց Հրայր Թովմասյանը:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը նկատեց, որ Գևորգ Կոստանյանի մեծարման ցերեկույթն է, ապա հավելեց, որ Գևորգ Կոստանյանը, զբաղեցնելով կարևոր բարձր պաշտոններ, արդեն ապացուցել է, որ բավարարում է մասնագիտական բարձր պահանջներին: