Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2017թ.-ին մաքսային ոլորտում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի իրականացրած բարեփոխումներն ազդել են բիզնեսի գործունեության բարելավման վրա, ինչը կարելի է տեսնել նաև մուտքերի ցուցանիշում: Այս մասին փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը՝ նշելով, որ 2017թ.-ին պետական բյուջեի մաքսային մուտքերը կազմել են 318,3 մլրդ դրամ, ինչը 2016թ.-ի համեմատ ավելի է 60.2 մլրդ դրամով կամ 23.4%-ով: Ըստ նրա՝ արդեն 2018թ. հունվարին մաքսային մարմինները պետական բյուջե են ապահովել ավելի քան 18 մլրդ դրամ, ինչն ավելի քան 3 մլրդ դրամով կամ 20%-ով գերազանցում է 2017թ. տարեսկզբի ցուցանիշը: Ընդ որում, մուտքերի աճը հնարավոր է եղել ապահովել մեքենաների, սարքավորումների և հումքի ներկրման համար սահմանին ԱԱՀ չգանձելու պայմաններում: «Հունվարի 1-ից նոր օրենքի գործարկման արդյունքում 2018թ. հունվարին ներմուծված ավելի քան 13.2 մլրդ դրամի արտադրական մեքենաների և սարքավորումների մաքսային արժեքից չի հաշվարկվել մոտ 2.6 մլրդ դրամի ԱԱՀ: Սահմանին ավելացված արժեքի հարկ չգանձելու և մի շարք այլ նախաձեռնություններով նվազեցվել է տնտեսվարողների ֆինանսական բեռը՝ նրանց հնարավորություն տալով ավելացնելու շրջանառու միջոցները՝ ուղղելով բիզնեսի հետագա զարգացմանը»,-ընդգծել է Սամվել Ավետիքյանը:
Բիզնես միջավայրի բարելավման նպատակով 2017թ.-ից կիրառվում է ներմուծվող ավտոմեքենաների գնահատման սկզբունքորեն նոր մոտեցում: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը վստահեցրել է, որ ավտոմեքենայի մաքսազերծման գործընթացն այսօր տևում է միջինում 20 րոպե. «Մաքսային մարմնի կայքէջում արդեն տեղադրվում է ավտոմեքենաների մաքսային արժեքների վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ առաջիկայում հասանելի է լինելու նաև ավտոմեքենաների մաքսային արժեքների ավտոմատ հաշվիչը»: Շարունակաբար թարմացվում է շուրջ 250 անուն ապրանքների մաքսային արժեքների, քանակների, ներմուծողների թվի և գործարքի գնի մեթոդի կիրառության ծավալի վերաբերյալ կայքում տեղադրված տեղեկատվությունը: Սամվել Ավետիքյանը տեղեկացրել է նաև, որ ներկրվող ավտոտրանսպորտային միջոցների ուղեկցող բեռների մաքսային ձևակերպումը նույնպես իրականացվում է ավտոմեքենաների ձևակերպման վայրերում. «Petekamutner.am կայքում ամեն ամիս հրապարակվում է ՀՀ ներմուծված ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդներում գործարքի գնի մեթոդի կիրառման տեսակարար կշիռը՝ ըստ առանձին ապրանքատեսակների: Գործարքի գնի մեթոդի կիրառության տեսակարար կշիռը կազմում է 68%»:
2017թ. ընթացքում իրականացված նախաձեռնություններից ՊԵԿ նախագահի առաջին տեղակալն առանձնացրել է «Մաքսային մուտքի անդորրագիր» համակարգի ներդրումը, որի շնորհիվ ֆիզիկական անձինք այլևս ստիպված չեն վճարել մաքսային միջնորդներին՝ անձնական օգտագործման ապրանքի հայտարարագիր ներկայացնելու համար, քանի որ ձևակերպումներն իրականացնում են մաքսային ծառայողներն՝ առանց լրացուցիչ վճարի: Մաքսային ընթացակարգերի ավտոմատացման նպատակով գործարկվել է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց՝ մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգ մուտք գործելու կարգը:
Սամվել Ավետիքյանի փոխանցմամբ՝ 2018թ.-ին նախատեսվում է ամբողջովին էլեկտրոնային դարձնել մաքսային հայտարարագրումը, փաստաթղթերի ներկայացումն ու պահպանումը՝ ներդնելով «կանաչ ուղի» ընթացակարգով բաց թողնման ինքնաշխատ համակարգ. «Ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործման նպատակով ավելացվելու է «կապույտ ուղի», գարծարկվելու են ՊԵԿ-ում կիրառվող էլեկտրոնային կշեռքների, ռենտգենային դիտարկման սարքավորումների տեսապատկերների մշակման և վերլուծության կենտրոնացված համակարգերը, ինչպես նաև առցանց տեղորոշվող (GPRS) միջոցների կիրառման մեխանիզմը»:
ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը 2018թ.-ի նորույթներից առանձնացրել է նաև մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նախնական հայտարարագրումը, նախնական տեղեկատվության ներկայացումը: «Գործարկվելու է ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների մաքսային ձևակերպումների ավտոմատացված համակարգը»,-նշել է Սամվել Ավետիքյանը՝ հավելելով, որ մաքսային մարմիններում տեսադիտման, հերթերի սպասարկման հնարավորություն է ապահովվելու, իսկ Petekamutner.am պաշտոնական կայքում հրապարակվելու է երրորդ երկրներից ՀՀ ներմուծված ավտոմեքենաների մաքսային արժեքների վերաբերյալ տեղեկատվությունը:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին