կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-11 16:10
Տնտեսական

Խոշոր սուպերմարկետների հարկային մուտքերը աճել են 870,9 միլիոն դրամով

Խոշոր սուպերմարկետների հարկային մուտքերը աճել են 870,9 միլիոն դրամով

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ շարունակվում են ոլորտային հանդիպումները. ՊԵԿ-բիզնես երկխոսության օրակարգում ըստ ոլորտների հիմնական ռիսկերի առանձնացումն ու դրանց նվազեցմանն ուղղված քայլերն են: Ծախսերի ուռճացում, թաքցվող շրջանառություն, գների թերհայտարարագրում, ՀԴՄ շահագործման կանոնների խախտում. սրանք այն հիմնական ռիսկերն են, որ արձանագրվել են գրեթե բոլոր ոլորտներում: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի դիտարկմամբ՝ ձեռնարկված միջոցառումներով պետք է հասնել նրան, որ բոլոր գործարքները փաստաթղթավորվեն, աշխատողները ձևակերպվեն և արձանագրվի  աշխատավարձերի իրական չափը:

Զբոսաշրջային գործունեություն իրականացնող հարկ վճարողներին ներկայացվել են ոլորտի ռիսկերը. 71 տնտեսվարողի ստվերի գնահատմամբ ՊԵԿ-ն արձանագրել է, որ զբոսաշրջային փաթեթների կանխիկ վաճառքի դեպքում ոչ միայն ՀԴՄ կտրոններ չեն տրամադրվում, այլև գրավոր պայմանագրեր չեն կնքվում սպառողների հետ: Իսկ բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքերի կառուցապատմամբ զբաղվող 76 խոշոր ընկերությունների ստվերի գնահատմամբ էլ արձանագրվել է իրացման ոչ լիարժեք գների ձևակերպում:  Գնահատված 35 տնտեսվարողի մասով արձանագրվել է շուրջ 50 տոկոսի ստվեր: Հարկային ռիսկեր են նկատվել նաև կենցաղային տեխնիկայի, բջջային հեռախոսների ներմուծմամբ ու իրացմամբ զբաղվող հարկ վճարողների դաշտում: 82 տնտեսվարողի ստվերի գնահատման արդյունքում արձանագրվել է, որ ներմուծողը ապրանքներն իրացրել է իրականից էականորեն ցածր գներով, իսկ ձեռքբերման գներում էլ արձանագրվել է ծախսերի ուռճացում: 46 տնտեսվարողի գործունեության ուսումնասիրությամբ պարզվել է, որ ստվերը ոլորտում կազմում է շուրջ 54 տոկոս: «Տնտեսվարողները շահույթ պետք է ստանան աշխատանքի արդյունավետ կազմակերպման միջոցով, այլ ոչ թե հարկեր չվճարելու ճանապարհով»,-ընգծել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը:

Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում ստվերի կրճատմանն ուղղված միջոցառումներով արձանագրված աճի զգալի մասը բաժին է ընկնում ռիսկային համարվող ընկերություններին:  2017-ի առաջին եռամսյակում, նախորդի համեմատ, ոչ ռիսկային համարվող տնտեսվարողների մոտ գրանցվել է հարկային եկմաուտների 6 տոկոս աճ, իսկ ռիսկային խմբում՝ շուրջ 26 տոկոս: Տեսչությունում հարկային ռիսկերը  քննարկել են խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ: Խոշոր սուպերմարկետների հարկային մուտքերը նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատությամբ 2017-ի նույն ժամանակահատվածում աճել են 870,9 միլիոն դրամով:

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի վստահեցմամբ՝ կոմիտեն բիզնեսի հետ երկխոսությամբ շարունակելու է ջանքերը ստվերի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ տնտեսվարողներից ակնկալելով վարքագծի էական փոփոխություն. «Դրական փոփոխություններ չարձանագրվելու դեպքում ՊԵԿ-ը դիմելու է վարչարարական խիստ գործիքների կիրառմանը: Իսկ բարեխիղճ տնտեսվարողները պետք է վստահ լինեն, որ քանի դեռ չունեն հարկային ռիսկեր՝ կոմիտեն որևէ կերպ չի միջամտի իրենց գործունեությանը»:

 

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին