կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-23 17:40
Իրավական

Էդքան փող վերցրեցիք, բայց ոչինչ չարեցիք. կաշառք տալու մեջ մեղադրվողի կինը՝ փաստաբանին

Էդքան փող վերցրեցիք, բայց ոչինչ չարեցիք. կաշառք տալու մեջ մեղադրվողի կինը՝ փաստաբանին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող` կաշառք տալու, կաշառքի միջնորդության և կաշառք ստանալու գործով այսօրվա դատական նիստում նախկին քննիչ Միքայել Զադոյանի պաշտպան Հրանտ Անանյանն ինքնաբացարկ հայտնեց նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանին:

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են քաղաքացի Բաբկեն Գասպարյանը, փաստաբան Գայանե Գալոյանը և ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանը:

Հրանտ Անանյանի խոսքով՝ դատավորը մերժել է իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդությունները՝ առանց ծանոթանալու դրանց բովանդակությանը, ինչը, ըստ նրա, վկայում է դատավորի կողմից կանխակալ վերաբերմունքի մասին: Անանյանը նշեց, որ դատավոր Մակյանը, մերժելով իր միջնորդությունները, պատճառաբանել է, որ իր պաշտպանյալը, ազատության մեջ մնալով, կարող է խոչընդոտել գործի քննությանը: Նա հիշեցրեց, որ նոր օրենսդրական փոփոխություններով նախատեսված է, որ քննությանը խոչընդոտելու հանգամանքը դեռևս հիմք չէ անձին անազատության մեջ պահելու համար: Պաշտպանի խոսքով՝ դատարանը պետք է սպառիչ կերպով պատճառաբանի իր որոշումները:

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո Մեսրոպ Մակյանը մերժեց պաշտպանի միջնորդությունը:

Այսօրվա նիստում ցուցմունք տվեց այս գործով ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանի կինը: Ըստ գործի նյութերի՝ նա ևս տեղյակ է եղել ամուսնու կողմից փաստաբանի միջոցով քննիչին կաշառք տալու գործընթացին:

Հիշեցնենք, որ Բաբկեն Գասպարյանը կաշառք է տվել իր որդու՝ Սոս Գասպարյանի վերաբերյալ քննվող քրեական գործով՝ որդու օգտին գործողություններ կատարելու, մասնավորապես` նրան կալանքից ազատելու համար:

Գասպարյանի կինը, պատասխանելով ամբաստանյալ Գայանե Գալոյանի հարցերին, պնդեց, որ գումարը նրա միջոցով պետք է հասներ քննիչին: «Ձեզ մոտ, որպես վստահված անձի, ուղղորդել էր քննիչ Միքայել Զադոյանը: Նա իր կաբինետից զանգել է Ձեզ, ասել, որ հաճախորդ է ուղարկում Ձեզ մոտ: Դուք ամուսնուս խոստացել էիք, որ ամեն ինչ լավ կլինի, որ տղայիս առաջադրված մեղադրանքը կվերաորակվի, և նա ազատ կարձակվի: 3000 ԱՄՆ դոլարը հենց նույն օրը բերել, տվել է Ձեզ»,- պատմեց վկան:

Նրա խոսքով՝ կալանավորումից հետո Գայանե Գալոյանը հավաստիացրել է իրենց, որ ամեն բան լավ կլինի, որ որդուն մեկ շաբաթից ազատ կարձակեն և այլն, սակայն երբ հասկացել են, որ «գործարքը» տապալվել է, վիճել են փաստաբանի հետ: «Գալոյանին ասում էինք՝ էդքան փող վերցրեցիք, բայց ոչինչ չարեցիք»,- հիշեց վկան:

Գայանե Գալոյանը, դիմելով վկային, ասաց. «Երբ ձեր որդու վերաբերյալ քննվող քրեական գործը դատարանում էր, ես ձեզ առաջարկեցի հրաժարվել իմ ծառայություններից, ինչո՞ւ այդ ժամանակ գումարը հետ չուզեցիք»:

Ի պատասխան՝ վկան հայտնեց. «Մեր խնդիրը գումարը չէր, մեր խնդիրը որդուս պրոբլեմից ազատվելն էր»:

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Գայանե Գալոյանն ու Միքայել Զադոյանը կալանքի տակ են: