Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մեջ արթնացել էր հայը, մարդը, քաղաքացին, գուցե՝ խիղճը․ նա հանրային հավաքի էր մասնակցում՝ ի աջակցություն Արցախի ժողովրդի։
«Արցախն Ադրբեջանի կազմում» ՔՊ-ական՝ վերջին օրերին ահագնացող, լորձաշուրթ համանվագ-պիղծ մարաթոնի ֆոնին, Արթուր Դավթյանն անգամ ընդդիմադիր դաշտին բնորոշ աներկբա հաստատումներ արեց՝ համոզումով, որ արցախցիների պահանջներն արդարացի են, մենք մեկ ազգ ենք, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ /Եվ ի՜նչ ողբերգական է, որ այս անհերքելի ճշմարտություններն այսօր որպես խիզախում են ընկալվում/։
Կարծես կանխազգալով արդարացի հարցերի, ընդվզումի և դիսոնանսի ալիքը, նաև շտապեց ավելացնել, որ մեղավորներ փնտրելու ժամանակը չէ, պետք է անդրադառնալ այսօրվա օրակարգին։
Այո, Պրն Դավթյան, իսկապես, օրակարգն ու իրավիճակն օրհասական են՝ կանխել Արցախի ցեղասպանությունն ու Հայաստանի կազմաքանդումը։
Բայց այս օրհասական իրականությունը պատասխանատուներ և մեղավորներ ունի, կոնկրետ ինստիտուտներ և անձինք, ովքեր մեր պետականությունը, մեր արժանապատվությունն ու մեր գոյությունը դրեցին հարցականի տակ։
Եվ այդ անձանցից մեկը, կարևորագույն ինստիտուտ ներկայացնող անհատներից մեկը հենց դուք էիք։
Անցնող երկու տարիներին քանի-քանի անգամ է հանրային ընդվզումի հոծ երթը կանգ առել Դատախազության առջև և արդարության, ինստիտուիցիոնալ գործիքակազմ կիրառելու պահանջ դրել ձեր, Դատախազության առջև։ Պետական, ազգային շահերի դավաճանության, թող լինի՝ ոտնահարման կամ անգործության հիմքով հայցադիմումներին ու հանրային պահանջին դուք ընթացք չեք տվել։ Այնինչ՝ երկրի կործանման և դավաճանության ընթացքը մեկ օրում չգեներացվեց, պետության և մեր ինքնության մեջքը մեկ օրում չկոտրվեց։ Շատերը կարող էին և չպատկերացնել, չհասկանալ, անկեղծորեն խաբվել կամ մոլորվել, բայց դուք պարտավոր էիք տեսնել և գնահատել․ դա ձեր պաշտոնական առաքելությունն էր․․․
Դուք, եթե անգամ պետականության կազմաքանդման մասնակիցը կամ ճարտարապետը չեք եղել, ապա հաստատ՝ լուռ վկան եք եղել, կամակատարը, հաշտված դիտորդը․․․
Դուք լռել եք կամ հաշտվել՝ պաշտպանվելով Դատախազական հաստ պատերի կամ առերևույթ պատկառանք ներշնչող հանդերձանքի տակ։ Դուք, հավանաբար, ձեր աշխատասենյակի տեսախցիկներից հետևել եք, թե ինչպես են ոստիկանական մահակի տակ ճզմվում, հետո ոստիկանական բաժանմունքներում հայտնվում ձեզանից արդարություն և սահմանադրականություն պահանջող իմ ընկերները։ Նրանք/մենք/ ձեզանից ակնկալում էինք կասեցնել մեր հավաքական գահավիժումը․․․
Դուք չբռնեցիք դավաճանի ձեռքը, դուք կարող էիք և չարեցիք․․․
Նվազագույնը անգործություն է դրա անունը․․․
Այսօր իմ և ձեր Հայրենիքն է ճզմվում, գուցե նաև ձեր խիղճը, չեմ կասկածում։ Նաև, անկեղծորեն, պատկերացնում եմ, թե որքան ճիգ էր հարկավոր գործադրել այսօր հրապարակում՝ ժողովրդի կողքին լինելու համար։
Այո, այսօրվա օրհասական օրակարգը մեկն է փրկել Արցախը, Արցախցուն, Հայաստանը, մեր հավաքական լինելիությունը, արժանապատվությունը։ Ցեղասպանվելու սպառնալիքը կոչում, հարստություն, նախկին ու ներկա չի ճանաչում․․․
Բայց, անխուսափելիորեն, կա նաև քարերը հավաքելու ժամանակը։ Եթե, իսկապես, պետություն կառուցել- վերակառուցեու- փրկելու, ոտքի կանգնելու հեռանկար ունենք, ապա պիտի գործի պատասխանատվության ինստիտուտը, անխտիր, անբեկանելի․ պատասխան պիտի տան բոլորը՝ բարոյական և իրավական։
Եթե ուզում ենք պետություն ունենալ․․․
ԵԹԵ․․․
Հ․Գ․ Մի տեսակ հիշեցի վրանի տակ նստացույց անող Արցախի Հանրապետության նախագահին․․․
Լիլիթ Գալստյան
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր