Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են պետական ծառայության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ տվյալներ, որոնց հիման վրա նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:
Մասնավորապես, պարզվել է, որ դատական իշխանության մարմնի ներկայացուցիչները քրեական գործով ամբաստանյալ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորի նկատմամբ ընտրված պատիժն առավել մեղմ պատժատեսակով փոխարինելու դիմաց պահանջել են խոշոր չափերով կաշառք: Ընդ որում, կաշառք ստանալու գործընթացն անխոչընդոտ և բարեհաջող ավարտին հասցնելու նպատակով ամբաստանյալի շահերի պաշտպանը` ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վաղինակ Աթոյանը, համաձայնություն է ձեռք բերել հիշյալ կալանավորի և վերջինիս քրոջ հետ` կաշառքն իր միջոցով դատական իշխանության ներկայացուցիչներին փոխանցելու համար:
03.10.2017թ.-ին կայացված դատավճռով վերը նշված ամբաստանյալի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը բեկանվել և նշանակվել է ավելի մեղմ պատիժ՝ 2 տարի ժամկետով ազատազրկում:
Դատավճռի հաջորդ օրը, վերացնելով անձամբ կաշառատուից գումարն ստանալու պարագայում հավանական բացահայտման խոչընդոտը, Վ. Աթոյանն անձամբ ստացել և դատական իշխանության ներկայացուցիչներին է փոխանցել կաշառքի առարկան` 470.000 ՀՀ դրամը:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի, 312-րդ հոդվածի 2-րդ մասի և 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վ. Աթոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու` դատական իշխանության ներկայացուցիչների կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Վ. Աթոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:
Վերը նշված հանցագործության բոլոր հանգամանքները բացահայտելու և դրանում ներգրավված անձանց գործողություններին անհրաժեշտ իրավական գնահատական տալու ուղղությամբ կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ, իսկ ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Նախաքննությունը շարունակվում է: