Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի ներքին գործերի նախարարության բնակչության և քաղաքացիության հարցերի գլխավոր վարչության «էլեկտրոնային պետություն» նախագծի շրջանակներում գործարկված կայքում քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվել տեղեկություններ ստանալ նախնիների մասին և կազմել իրենց տոհմածառերը:
Ըստ Ermenihaber-ի՝ փետրվարի սկզբին գործարկված կայքն այցելուների աննախադեպ հոսքի պատճառով խափանվել էր՝ չդիմանալով ծանրաբեռնվածությանը: Այս կայքը գրավել է նաև Թուրքիայում բնակվող հայերի ուշադրությունը, որոնց մի մասը մազապուրծ է եղել Ցեղասպանությունից՝ կորցնելով հարազատների մեծ մասին:
Կայքը պակաս կարևոր չէ նաև Ցեղասպանության ժամանակ կամ դրանից առաջ իսլամ ընդունած հայերի համար: Կայքի տրամադրած տեղեկությունների համաձայն` շատ հայեր «բացահայտեցին», որ Ցեղասպանության ժամանակ կորցրած իրենց նախնիներից շատերը դեռ ողջ են: (Դա հավանաբար կապված է այն հանգամանքի հետ, որ նրանց մահվան հետ կապված Օսմանյան կայսրությունում որևէ փաստաթուղթ չկա-խմբ.):
Ողջ կյանքում որպես թուրք կամ մուսուլման ապրած Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիներ իրենց տոհմածառը կազմելիս հանկարծ պարզում են, որ նախնիների շարքում կան մարդիկ, որոնք բնավ թուրք չեն եղել:
Նմանատիպ մի պատմություն է հրապարակել Ստամբուլում հրատարակվող «Ակօս» թերթը: Այս պատմության մասին թերթի խմբագրությանը տեղեկացրած անձը գերադասել է անանուն մնալ: Պատմությունն ընդհանուր գծերով ներկայացնում ենք ստորև.
«Երբ Հրանտ Դինքը սպանվեց, ներսս շատ ցավեց, ու ինքս ինձ մտածեցի՝ «այս պետությունը այլևս չի լինի այնպիսին, ինչպիսին ես այն գիտեմ»: Այդպես էլ եղավ: Կոնկրետ չեմ հիշում, թե երբվանից սկսեցի չհավատալ այն ամենին, ինչն ինձ պատմել, սովորեցրել ու նույնիսկ տեղ-տեղ թելադրել էին: Հրանտի սպանությունից հետո այլևս չկարողացա հավատալ պաշտոնական լեզվով ասվող որևէ բանի: Հարցուփորձ սկսեցի: Այդ հարցուփորձով ինձ մոտ արթնացած կասկածներն իրենց գագաթնակետին հասան, երբ օրեր առաջ տոհմածառիս ցուցակում ընտանիքիս անդամներից մի կնոջ ազգանվան փոխարեն գծիկ էր դրված այդ ռեեստրում: Մորս մորական տատի անունը Էմսալ է, ազգանունը՝ չկա: Էմսալի հորական և մորական կողմերը նույնպես շարունակված չեն: Էմսալը ծնվել է 1909-ին: 1915-ին 6 տարեկան է եղել: Մարաշի Քյոշյուրգե գյուղից է կամ էլ մեկ ուրիշ տեղից է, բայց նրան գտել են Քյոշյուրգե գյուղում: Հարցուփորձ անելու, ուսումնասիրելու, հետքի վրա ընկնելու որևէ աղբյուր չունեմ: Կարծես հայտնված լինեմ մի փազլի (գլուխկոտրուկ-խճանկար) դիմաց, որի մասնիկների մեծ մասը կորսված է:
Մի քանի տարի առաջ, երբ Զապել Եսայանի «Ավերակների մեջ» գրքի (գրքում մանրամասն ներկայացվում են 1909 թվականի Ադանայի կոտորածները) շնորհիվ բոլորովին այլ տեսանկյունից տեղեկացա, թե ինչ է կատարվել հորս ծննդավայր Օսմանիեում ու մորս ծննդավայր Մարաշում (երկուսն էլ Կիլիկիայի քաղաքներից են եղել-խմբ.): Այդ ժամանակվանից գլխումս անընդհատ հետևյալ հարցերն են պտտվում՝ ի՞նչ է արել այն ժամանակ (կոտորածի տարիներին-խմբ.) իմ ընտանիքը: Այդ ամենը տեղի ունենալու ժամանակ արդյո՞ք պաշտպանել է իր հարևաններին (հայ հարևաններին-խմբ.): Ինչպիսի՞ վերաբերմունք են ցույց տվել այն մարդկանց, որոնց հետ մինչ այդ ամեն օր իրար երեսի են նայել: Թե՞… շարունակությունը չեմ կարողանում մտածել: Բայց դե կամ էս կողմում են եղել, կամ՝ էն:
Էմսալի ազգանվան դիմաց դրված գծիկը տեսնելուն պես սիրտս սկսեց ուժգին բաբախել: Հիշեցի մանկությունս: Հիշեցի մորական տատիս պատմածներն այն մասին, որ իր տատը որբ է եղել, 21 տարեկանում մահացել է ծննդաբերության ժամանակ, շատ գեղեցիկ կին է եղել ու հավանաբար շատ էլ տառապանքներ է կրել…
«Անհավատի վիժվածք»,- ասում էր տատս բարկացած ժամանակ: Չեմ կարողանում ինձ համոզել, որ պատահական արտահայտություն էր տատիկիս բերանում: Մանավանդ հաշվի առնելով, թե որտեղ էր նա ապրում: Ո՞վ իմանա՝ գուցե հենց նրան են հաճախակի այդպես անվանել: Այժմ չեմ կարող նրան հարցնել այդ մասին, քանի որ բավական ժամանակ է` արդեն մեզ հետ չէ տատս:
Այժմ իմ դարդուցավը Էմսալի հետքը գտնելն է: Նույնիսկ անունն է շատ իմաստավորված թվում (Էմսալ` թուրքերենում «նախադեպ» իմաստն ունի-խմբ.): Հետաքրքիր է՝ ինչո՞ւ է ազգանվան տեղում գծիկ դրված, արդյո՞ք ուրիշ անուն չի ունեցել, ովքե՞ր են եղել նրա ընտանիքի անդամները, որտե՞ղ է նա ծնվել: Եթե նույնիսկ չկարողանամ գտնել, կարևոր է նրա հետքի վրա ընկնելը, ընկնել կարողանալը…»: