Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանն այսօր դարձավ 80 տարեկան:
Նշենք, որ 2012-ին Փելեշյանն ու իր կինը՝ Աիդա Գալստյանը, ՀՀ քաղաքացիություն ստացան, իսկ 2016-ին քաղաքապետարանը բնակարան նվիրեց Փելեշյանին:
Ներկայացնում ենք Փելեշյանի՝ տարբեր տարիների մտքերից:
***
Հարցին, թե ի՞նչ ասել է ազգային կինո, Փելեշյանը պատասխանեց` հարցը նույնն է, ինչ հարցնեք` ես հա՞յ եմ:
«Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես պետք է լինի, թեկուզ` հակառակը լինի. այս արտահայտությունը հաճախ եմ օգտագործում, չնայած նրան, որ կյանքն անկանխատեսելի է: Եթե այսօր Հայաստանի մասին ֆիլմ նկարահանեի, մեր բնությունը կցուցադրեի, քանի որ բնությունը կարող է մեր մասին ամբողջական պատկերացում տալ»,- ասաց ռեժիսորը:
***
Արվեստը բացակա իրականության տարբերակն է, որը նույնքան համոզիչ է, որքան եւ «իսկական» իրականությունը: Իմ ֆիլմերում բացակայում են բեմադրված կադրերը, իսկ նկարահանումներ կատարելիս ճիշտ իրավիճակ եւ վայր եմ ընտրում. հենց ճիշտ ընտրված տեղն է թելադրում հերոսներին գործել այնպես, ինչպես ռեժիսորն է ցանկանում:
***
Ինձ հիմա կյանքն է հետաքրքրում՝ և' այսօրվա, և' վաղվա, և' մյուս տարիների համար: Ուրիշ էլ ի՞նչը պետք է հետաքրքրի:
***
-Կցանկանայի՞ք ինչ-որ բան շտկել Ձեր ֆիլմերում:
-Երևի թե չէ: Ես լուսանկարների մեր ալբոմը նայում եմ ու տեսնում, որ երիտասարդ տարիքում բեղեր էի պահում: Ի՞նչ միտք ունի ոչնչացնել այդ լուսանկարները:
***
«Կյանք» և «Վերջ» ֆիլմերը ես նկարեցի, երբ մութ ու ցուրտ էր Հայաստանում, և ես դրանք նկարահանեցի, որ լույս բերեմ:
***
Կինոն ժամանակի համար հիշողություն է, այն իր առանձնահատուկ վերաբերմունքն ունի ժամանակի նկատմամբ` կինոն դեմ է ժամանակին: Ամբողջ աշխարհում օգտագործվում է մի միտք, որ կինոն գրանցված ժամանակն է, իսկ ես կարծում եմ, որ ժամանակը չի դրոշմվում, ժամանակը երբեք չի գրանցվում: Երբ տարիներ առաջ էլ նման կարծիք էի հայտնել, ֆրանսիական թերթերից մեկը մի հոդված էր գրել իմ մասին: Ճիշտ է, դրական հոդված էր, բայց վերնագիրը ճիշտ չէր` «Փելեշյանը` դեմ ժամանակին և բառին»: Այդպես չէ` Փելեշյանը շատ փոքր մարդ է, որ դեմ լինի հրեշավոր, հզոր ժամանակին: Ժամանակն է Փելեշյանի դեմ, ոչ թե` հակառակը: