Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ ղեկավարելու, Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու և Ռ.Մոսինյանի սպանության նախապատրաստությունը կազմակերպելու համար մեղադրվող քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը՝ Ալավերդցի Վահագը, վստահ է, որ իրեն արդարացնելու են: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Աբգարյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը: Նրա խոսքով՝ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը և հրաժարվում է ցուցմունքներ տալ:
Ճարոյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի մասնակցությամբ ընդամենը մեկ քննչական գործողություն՝ առերեսում է կատարվել: Նա հայտնեց, որ մինչ օրս իր պաշտպանյալին կաշառք տալու մեղադրանք էլ չի առաջադրվել:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում քննվող մեկ այլ գործի համաձայն՝ Վահագն Աբգարյանը ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ Կամո Փիրուզյանի սպանության գործով իր և իր ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու կամ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու համար:
Այս գործով մեղադրանք է առաջադրվել ՔԿ երկու ծառայողի:
Մեզ հետ զրույցում Հակոբ Ճարոյանը խոսեց նաև իր պաշտպանյալի անվտանգության մասին: Հարցին` արդյո՞ք մտահոգություն չկա, որ նրա նկատմամբ դարձյալ կփորձեն մահափորձ իրականացնել, պաշտպանըպատասխանեց. «Անվտանգության խնդիր չկա, այն ժամանակ ինքն ազատության մեջ էր, դրա համար փորձեցին սպանել, իսկ այսօր նա մեկուսացված է, և նրա նկատմամբ որևէ բան չեն կարող անել»:
Հիշեցնենք որ Վահագն Աբգարյանի դեմ մահափորձ է իրականացվել 2017թ. սեպտեմբերի 14-ին ՝ «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ: Արձակված կրակոցների հետևանքով Աբգարյանի թիկնապահը՝ Գագիկ Մոսինյանը, մահացել էր, իսկ ինքը՝ Վահագն Աբգարյանը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյանը ստեղծել եւ ղեկավարել է հանցավոր համագործակցություն՝ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, որի կազմում ընդգրկվել են մի շարք այլ անձինք։ Վերջինների միջոցով նախապատրաստվել եւ իրականացվել են մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործություններ։ Մասնավորապես՝ 2017 թվականի հունիսին կազմակերպվել եւ իրականացվել է Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը՝ այդպիսով վրեժխնդիր լինելով Կ.Փիրուզյանի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Վարդան Փիրուզյանի կողմից Վ.Աբգարյանի մտերիմներ Էդ.Պողոսյանի եւ Վ.Ավագյանի սպանության համար։
Կ.Փիրուզյանի սպանության անմիջական կատարումը վերապահվել է նույն քաղաքի բնակիչ Վլ.Դավթյանին, ով, ըստ նախնական քննության տվյալների, հետեւել է նրա տեղաշարժին եւ հունիսի 13-ին Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել Փիրուզյանի ուղղությամբ, ով ստացած վնասվածքներից տեղում մահացել է։ Բացի այդ, պարզվել է, որ 2017 թվականին նոյեմբերին կազմակերպվել է նաեւ Ալավերդի քաղաքի բնակիչ Ռ.Մոսինյանի սպանությունը, որի նախապատրաստությունն իրականացրել է հանցավոր համագործակցության մեկ այլ անդամ, ինչը ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներում։