կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-15 16:45
Մշակույթ

Ես ինձ Թուրքիայում ավելի ապահով էի զգում, քան թուրքերը, երբ խոսում էին Ցեղասպանությունից. Ադրինե Գրիգորյան

Ես ինձ Թուրքիայում ավելի ապահով էի զգում, քան թուրքերը, երբ խոսում էին Ցեղասպանությունից. Ադրինե Գրիգորյան

Ռեժիսոր Ադրինե Գրիգորյանը վստահ է, որ նման բան այլեւս չի անի` այդքան պատրաստված չէ, որ էլի իր անձնական պատմությունը կինոյի տեսքով ներկայացնի: Նրա «Վերադարձ դեպի Գյուրուն»  ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան»  կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում:

Այսօր Գրիգորյանը  լրագրողներին պատմեց, որ ֆիլմ նկարահանելու գաղափարը ծնվել է, երբ 2010-ին ծանոթացել է մի թուրքի հետ, ով Գյուրուն գյուղից էր, որտեղից էր նաև Գրիգորյանի պապիկը: Այնուհետև ռեժիսորն իր սցենարը ներկայացրել է «Ոսկե ծիրան»-ի «Հայ-թուրքական կինոպլատֆորմ»-ին և հաղթել, արդյունքում որոշվել է այն կյանքի կոչել:

«Մենք նկարահանումներ իրականացնելու համար մեկնեցինք Թուրքիա` Գյուրուն գյուղ: Ամեն օր ֆիլմի սցենարը փոխվում էր, և ֆիլմը հենց այդ մասին է, թե ինչ խոչընդոտներ են հանդիպում մեզ` որպես հայ, դեպի Գյուրուն գնալու ճանապարհին: Այս պատմությանը, բնականաբար, միաձուլվեց Ցեղասպանության թեման»,- ասաց Գրիգորյանը:

Ռեժիսորը նշեց, որ շատ կուզեր` ֆիլմը Թուրքիայում նույնպես ցուցադրվեր, ինչպես նաև այլ երկրներում: Ֆիլմում, ըստ նրա, առաջ է քաշվում նաև այն թեման, թե ինչպես են Թուրքիայում մարդիկ սկզբում համաձայնում մեզ հետ համագործակցել, բայց հետո վախենում ու հետ են կանգնում:

«Վախենում են, որովհետև մեկին ընտանիքում են վախեցրել, մյուսին` աշխատավայրում, մեկ ուրիշին էլ` համալսարանում: Հետաքրքիրն այն է, որ ես «ցեղասպանություն» բառը երբեք չեմ արտասանում ֆիլմում, իրենք են խոսում այդ մասին, ես ոչ մի կերպ չեմ ճնշել իրենց: Ես ինձ այնտեղ ավելի ապահով էին զգում, քան նրանք, երբ խոսում էին իրենց երկրում Ցեղասպանությունից»,- ասաց նա:

Ռեժիսորի կարծիքով` հիմա Թուրքիայում չեն կարողանում ազատ խոսել, սակայն ինքը հույս ունի, որ տասը տարի հետո ինչ-որ բան կփոխվի, և նրանք կհաղթահարեն բոլոր վախերը: