կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-31 14:43
Հասարակություն

Որևէ տեղ սահմանված չէ, որ բռունցքներով հարձակվելն էթիկայի խախտում է. Հրայր Թովմասյան

Որևէ տեղ սահմանված չէ, որ բռունցքներով հարձակվելն էթիկայի խախտում է. Հրայր Թովմասյան

ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց «Ելք» խմբակցության կողմից ներկայացվող` ՀՀ 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախաձեռնությունը:

Քննարկումն անցավ թեժ մթնոլորտում: Էդմոն Մարուքյանին Հրայր Թովմասյանը պարբերաբար կոչ էր անում, որպեսզի ձայնը չբարձրացնի: Հարակից զեկուցող` Հանրապետական խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը նշեց, որ խնդիրը վերնագիրն է, և որ այս վերնագրով իրենք չեն կարող դրական եզրակացություն տալ նախագծին:

Մարուքյանն էլ նշեց, որ նրա զեկույցից դուրս է գալիս, որ պետք է վերնագիրը հանել, քանի որ դա ՀՀԿ-ի մասին լավ բան չասող վերնագիր է: «Ասում եք` եկեք հանենք վերնագիրը, մի վերնագիր դնենք, որը կապ չունի մեզ հետ: Որ իբր այդտեղ կարող է ուրիշ մարդ է եղել և ուրիշ բան է արել: Կոնկրետ դեպքով ենք այս հանձնաժողովը ստեղծում, եթե վերնագիրն աղավաղենք, կարող է դառնալ նախադեպ, որ հետագայում հանձնաժողովներ ստեղծելիս սա դառնա վատ օրինակ»,- ասաց նա:

Մախմուդյանն էլ հակադարձեց, որ իրենք չեն աղավաղում, երբ ասում են` հանեք պատգամավորի անուն-ազգանունը: «Անմեղության կանխավարկածը խախտում ենք, ընթերցողը նայում է, ասում է` էս ինչ վատն է էս Գեղամյանը»,- ասաց նա:

Մախմուդյանի այս նկատառումը դուր չեկավ Մարուքյանին, նա ընդհատեց Մախմուդյանին, ինչն էլ դուր չեկավ հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանին, և կրքերը թեժացան:

Մախմուդյանն առաջարկեց, որ վերնագիրը գրվի միայն ամսաթվով: 

«Կարող է այդ օրը 4 միջադեպ է տեղի ունեցել, ո՞նց ամսագրով գրենք վերնագիր: Օրինակ `կարող է բուֆետում մեկը մեկի քամած մածունն է կերել»,- ասաց Մարուքյանը: Նա պնդեց, որ իրենք առաջարկում են հանձնաժողովը հենց իրենց վերնագրով ընդունի: «Մենք ունենք փաստը, մեզ մնում է ստեղծել հանձնաժողով, որ այս դեպքին գնահատական տանք: Պետք է կանխենք մեր գործընկերների դեմ ուղղված բռնությունները, եթե չենք կարող անել, ապա ումի՞ց ենք ինչ պահանջելու: Էդ ո՞նց է լինում, որ միշտ ընդդիմադիրների վրա են հարձակվում, իսկ դա շարունակվում է, որովհետև մնում է անպատիժ»,- ասաց պատգամավորը, ապա հավելեց, որ եթե հանձնաժողով չստեղծվի, կնշանակի` Հանրապետականը վախենում է:

Սա դուր չեկավ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննսիյանին: «Էդ ի՞նչ դատողություններ ես անում»,- ասաց նա:

Թովմասյանն էլ նշեց, որ նախ պետք է պարզել` բռունցքով հարձակվելը էթիկայի խախտո՞ւմ է, թե՞ չէ: «Որևէ տեղ սահմանված չէ, որ բռունցքներով հարձակվելն էթիկայի խախտում է»,- ասաց նա:

Բացի այդ` Թովմասյանը նշեց, որ սա երկու չափահաս տղամարդկանց միջև եղած միջադեպ է, և չէր ցանկանա, որ նախադեպ լինի պառլամենտում, որ նման միջադեպերը դրվեն այսպիսի քննարկման: «Նման խնդիրները պետք է լուծվեն այլ ընթացակարգերով, որոնք իրավական լուծում չունեն: Իսկ նախագծին վերը նշված շարադրմամբ տրվելու է բացասական եզրակացություն»,- ասաց նա:

Ի վերջո, նախագիծը դրվեց քվեարկության և մերժվեց. կողմ էր միայն Էդմոն Մարուքյանը: