Փոխարժեքներ
12 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.47 |
EUR | ⚊ | € 449.96 |
RUB | ⚊ | ₽ 4.5602 |
GBP | ⚊ | £ 519.91 |
GEL | ⚊ | ₾ 142.03 |
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը պահանջում է, որ քպ-ական Արթուր Հովհաննիսյանը մանդատը վայր դնի։
«Սիրելի՛ հայրենակիցներ, ուզում եմ օրը սկսել շնորհակալական խոսքերով։
Շնորհակալ եմ բոլորիդ՝ այն հարյուրավոր ծանոթ-անծանոթներին, ովքեր իրենց աջակցությունը հայտնեցին՝ զանգահարելով, գրելով, անձնապես մոտենալով, կողքիս կանգնելով։
Վերստին համոզվեցի, որ ողջախոհությունը համախմբող է, եւ ես էլ միայնակ չեմ իմ ճշմարտության պաշտպանության ճանապարհին։
Շնորհակալ եմ քաղաքական ու հասարակական գործիչներից, տարբեր կառույցների ներկայացուցիչներից ու անհատներից։
Իշխանական խմբակցության քարտուղարի խուլիգանական վարքագիծը դատապարտող բոլորիդ խոսքն արժեքավոր է։
Հատուկ շնորհակալություն ԱԺ կին պատգամավորներին, ովքեր օպերատիվ դիրքորոշում հայտնեցին՝ ՔՊ քարտուղարի անընդունելի պահվածքի փաստով։
Շնորհակալություն նաև ընդդիմադիր երկու խմբակցություններին` էթիկայի հանձնաժողով ձևավորելու պատրաստակամության համար։
Թող տարօրինակ չհնչի, բայց շնորհակալ եմ նաև ՔՊ-ի այն հատուկենտներին, ովքեր կամք դրսևորեցին՝ դատապարտելու Արթուր Հովհաննիսյանի անպատկառ վարքագիծը։ Այո՛, նույնիսկ իշխանության ներսում կան մարդիկ, ովքեր ամաչում են իրենց խմբակցության քարտուղարի քստմնելի վարքի համար՝ վախենալով բարձրաձայնել։
… Շարունակելով՝ ընդգծեմ, որ իմ՝ ԱԺ նախագահին ուղղված գրությունը, որով պահանջել եմ պարտավորեցնել Արթուր Հովհաննիսյանին թմրաթեստ հանձնել, լիովին իրավաչափ է։ Նոր կարգով՝ 2025-ի օգոստոսի 1-ից այդ պարտականությունը դրված է բոլոր բժիշկների վրա։ Այն, ինչ իշխանությունը պահանջում է բժշկից, պետք է պահանջվի նաև պատգամավորից, նախարարից, մյուս պաշտոնյաներից:
…Երկրորդ՝ Արթուր Հովհաննիսյանի վարքագիծը ակնհայտորեն դուրս է ԱԺ պատգամավորի էթիկայի նորմերից։
Սթափությունն ու բարեվարքությունն ադեկվատության կարևորագույն բնորոշիչներն են, առանց որոնց վտանգվում է պետական ապարատը։
Իմ առաջարկը բխել է ԱԺ ինստիտուտի պաշտպանության շահերից, ինչին ի պատասխան հնչել են ոչ թե բովանդակային հակափաստարկներ կամ քաղաքական գնահատականներ, այլ` կեղտոտ, սեփական փչացածությունը որպես օրինաչափություն մատուցող զազրախոսություններ։ Արդյունքում, կնոջը՝ իբրև ստորացնելու տեխնիկան, բացարձակ բումերանգի էֆեկտ ապահովեց մի մարդու համար, որն իրականում գուցե օգնության կարիք ունի այսօր։
Ինչ վերաբերում է ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելուն, ապա չեմ ուզում սիմվոլիզմի հետևից ընկնել։ Արդեն պարզ է, այդ հանձնաժողովը, միևնույնն է, Արթուր Հովհաննիսյանին պատժելու քաղաքական կամք չի դրսևորելու, ուրեմն՝ իմաստ չկա դրա վրա աշխատելու: Իշխանականների ամբարտավան լռությունն ասածիս ապացույցն է:
Բայց ակնհայտ է, որ ո՛չ էթիկայի հանձնաժողովը, ո՛չ երեկվա ներողությունը չեն փակում այս խայտառակ պահվածքի էջը։ Արթուր Հովհաննիսյանը հատել է կարմիր գիծը, որն ավաղ ոչ թե վերջակետ է, այլ` նախադեպ, որը չի կարող անպատիժ մնալ։
Նա պե՛տք է վայր դնի մանդատը:
Արթուր Հովհաննիսյանը իրավական պատասխանատվությունից չի՛ կարող խուսափել։ Հասնելու եմ դրան:
Հ. Գ. Նիկոլ Փաշինյանի լռությունը այս վտանգավոր նախադեպի լեգիտիմացման փաստարկումն է, ինչը նոր որակի մարտահրավեր է հանրային համերաշխության բոլոր մակարդակներում՝ կենցաղայինից մինչև իրավական։ Ասածս չափազանցություն չէ։ Արթուր Հովհաննիսյանը պետք է ստանա հրաժեշտի SMS, այլապես կստացվի, որ պետությունը և դրա հիմքում դրված բոլոր արժեքներն ու բարոյական նորմերն առ ոչինչ են»,-գրել է նա։
Հիշեցնենք՝ նախօրեին Թագուհի Թովմասյանը պահանջել էր, որպեսզի Արթուր Հովհաննիսյանը ԱԺ մուտք գործելուց առաջ ամեն օր պարտադիր թեստավորվի թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ, իսկ արդյունքները լինեն հրապարակային։ Արթուր Հովհաննիսյանն էլ իր հերթին պահանջել էր, որ Թագուհի Թովմասյանն ամեն օր սեռավարակի թեստ հանձնի, որ իբր տեսնեն, թե չորս տուն որտեղից իրեն։ Թագուհի Թովմասյանն արձագանքել էր՝ նշելով, որ ինքը չունի չորս տուն և դիմել էր Արթուր Հովհաննիսյանի մայրիկին, որ զբաղվի որդու դաստիարակությամբ ու բացատրի, որ կնոջ մասին նման բառապաշարով ու բովանդակությամբ չեն խոսում։
Ավելի ուշ էլ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությանների կին պատգամավորները հայտարարություն էին տարածել՝ դատապարտելով Արթուր Հովհաննիսյանի՝ Թագուհի Թովմասյանի հասցեին հնչեցրած հայտարարությունները։
«Հատկանշական է, որ Արթուր Հովհաննիսյանը մշտապես աչքի է ընկնում բարոյական նվազագույն նորմերին հակասող վարքագծով․ նա հայտնի է բռնության հրապարակային կոչերով և ընդդիմադիր գործիչների հասցեին զրպարտություններով, որոնց համար դատարանի վճիռներով պարտավորվել է ներողություն խնդրել։
Անընդունելի համարելով Ազգային ժողովի բարձր պաշտոն զբաղեցնող անձի կողմից հանրային հարթակում նման կնոջը թիրախավորող և նվաստացնող բառապաշարի կիրառումը՝ մենք պահանջում ենք․
ա. Արթուր Հովհաննիսյանի կողմից հրապարակային ներողություն՝ իր հայտարարությունների համար,
բ. Ազգային ժողովի ղեկավարության հստակ, հասցեական և հրապարակային դատապարտում, ինչպես նաև Ա. Հովհաննիսյանի վարքը քննող Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ձևավորում»։