կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-29 21:00
Քաղաքական

Այդքան միամիտ չեմ, որ կարծեի, թե վաղը պետք է իրականացվի իմ առաջարկը. Շարմազանովը՝ կառավարության մերժման մասին

Այդքան միամիտ չեմ, որ կարծեի, թե վաղը պետք է իրականացվի իմ առաջարկը. Շարմազանովը՝ կառավարության մերժման մասին

Կառավարությունը մերժել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի առաջարկությունը, որ Սփյուռքի նախարարությանը ավելանա «հայրենադարձություն»  բառը: Այս մասին Yerkir.am-ը զրուցել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:

Ըստ նրա` կառավարությունն իրեն չի մերժել: «Այնպես չի, որ չի ընդունվել իմ առաջարկը: Հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ գաղափարը կառավարությունն ընդունում է, պարզապես դա իրականացնելու համար քննարկումներ են անհրաժեշտ, ավելի մեծ ֆունկցիոնալ բան է պետք, և գումարային խնդիր կա, ապագայում կքննարկենք»,- ասաց Շարմազանովը:

Նա կարևորեց այն հանգամանքը, որ գաղափարը կա, և ուշ, թե շուտ մենք գալու ենք դրան: «Իմ առաջարկը ոչ թե սիտուացիոն է, ոչ թե մարտական է, այլ` գաղափարական, փիլիսոփայական և ռազմավարական: Շատ կարևոր է, որ կառավարությունը պատրաստ է ապագայում էլ քննարկել. իմ առաջարկը միայն անուն չէր, եթե «հայրենադարձություն» դնում էինք, էնտեղ բազում ֆունկցիաներ պետք է դնեինք, լուրջ բյուջեով գումարներ նախատեսեինք»,- շեշտեց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովը նշեց, որ կառավարությունն ընդունել է հայրենադարձության խնդիրը, գաղափարը մնում է օրակարգում: «Կարևորը` մենք այդ պլանկան ունենանք, ձգտենք դրան: Երբ կունենանք ռեսուրսներ, արդեն դա կանենք: Մեր ռեսուրսները բավարար չեն, բայց դա չի նշանակում, որ եթե մենք ռեսուրսներ չունենք, ուրեմն չպիտի հավակնոտ գաղափարներ դնենք, դրա համար էլ այդ խնդիրը դրվեց: Սփյուռքի նախարարության վրա ֆունկցիա պետք է ավելանա, պայմաններ պետք է լինեն, աշխատակիցներ էլ պետք է ավելանան: Այս պահին մենք այդ ռեսուրսը չունենք: Կարևորը` գաղափարը հնչեցվել է, և ես այդքան միամիտ չեմ, որ կարծեի, թե վաղը պետք է իրականացվի իմ առաջարկը»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը` ստացվում է` Սփյուռքի նախարարությունը պետք է աշխատի, որ այդպիսի նախարարություն չունենանք, Շարմազանովն արձագանքեց. «Սփյուռքի նախարարությունն աշխատելու է, որ սփյուռքահայ գաղթօջախների հետ կապը լինի ամուր, որ Սփյուռքում հայերը մեծանան հայեցի, որ Սփյուռք, ՀՀ, Արցախ կապը լինի ամուր, բայց, միևնույն ժամանակ, ունենա տեսլական, ռազմավարական նպատակ` հայրենադարձություն»: