կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-10 12:30
Քաղաքական

Թեեւ Ռուսաստանը զենք է վաճառում Բաքվին, բայց չեմ կասկածում, որ մեզ համար դժվար պահին կկատարի ստանձնած պարտավորությունները. Սերժ Սարգսյան

Թեեւ Ռուսաստանը զենք է վաճառում Բաքվին, բայց չեմ կասկածում, որ մեզ համար դժվար պահին կկատարի ստանձնած պարտավորությունները. Սերժ Սարգսյան

Պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել արգենտինական La Nacion պարբերականին, որը թարգմանաբար ներկայացրել է Inosmi.ru-ն:

 

Սարգսյանի խոսքով՝ Հարավային Ամերիկա կատարած իր այցի նպատակը տարածաշրջանային համերաշխության ամրապնդումն է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին: Նա նշել է, որ Հարավային Ամերիկայի երկրներ այցելության շրջանակում (նախատեսվում են նաև այցեր Չիլի և Ուրուգվայ) ցանկանում է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն պայթյունավտանգ իրավիճակի վրա, որը ստեղծվել է Հարավային Կովկասում՝ ԼՂ հիմնախնդրի հետ կապված:

 

Հարցին, թե Էրդողանը շարունակում է հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից, կարո՞ղ է նրա այդ կոշտ դիրքորոշումը հանգեցնել այն բանին, որ նրան չհրավիրեն Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը, Սարգսյանը պատասխանել է. «Թուրքիան պնդում է, որ մենք բացենք արխիվներն ու Հայոց ցեղասպանության մասին կոնկրետ փաստեր ներկայացնենք։ Մենք կցանկանայինք հրավիրել Թուրքիայի նախագահին և հնարավորություն տալ սեփական աչքերով տեսնել այն հարյուրհազարավոր մարդկանց, որոնք գալու են այդ միջոցառումներին։ Հնարավոր է՝ երբ նա այդ ամենը տեսնի, այլ ապացույցների կարիք չի լինի»:

 

Պատասխանելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին հարցին, թե անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի նախագահը սպառնացել էր գրավել Երևանը, եթե Հայաստանը չվերադարձնի Ղարաբաղը, այս պահին իրավիճակն ավելի մոտ է պատերազմի՞ն, թե՞ խաղաղությանը, Սարգսյանը նշել է. «Մենք չենք բացառում ռազմական գործողությունների սկսվելու հնարավորությունը։ Սակայն կարծում եմ, որ Ադրբեջանը նման քայլերի հնարավորություն չունի։ Երկիրը, իրոք, մեծ գումարներ է ծախսում ռազմական տեխնիկա և զինամթերք գնելու համար, սակայն դա հաղթանակ չի երաշխավորում»:

 

Հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանի գլխավորած ՄՄ-ին միանալու ձգտումը պայմանավորված է  հնարավոր ագրեսիայից Հայաստանը պաշտպանելու համար ուժեղ դաշնակցի որոնումներով, ՀՀ նախագահը պատասխանել է. «Այն, որ մենք խորացնում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչ-որ նոր փաստ չէ։ Ավելի քան 20 տարի առաջ մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք դարձել, և այս տարիների ընթացքում Ռուսաստանի հետ համագործակցության տասնյակ համաձայնագրեր ենք կնքել»։

 

Դիտարկմանը, թե Ռուսաստանը, սակայն, վերջին շրջանում Ադրբեջանին 2 մլրդ դոլարի զենք է մատակարարել, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Մեզ համար դա շատ ցավոտ թեմա է, և մեր ժողովուրդը շատ է մտահոգվում, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին։ Սակայն ես վստահ եմ, որ Հայաստանն այնքան ուժ և ունակություն ունի, որ կարողանա պաշտպանել իր սահմանը։ Թեեւ Ռուսաստանը զենք է վաճառում Բաքվին, ես չեմ կասկածում, որ մեզ համար դժվար պահին Ռուսաստանը կկատարի ստանձնած պարտավորությունները»: