կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-25 13:11
Քաղաքական

Արմեն Սարգսյանը դրսից չէ. Շարմազանով

Արմեն Սարգսյանը դրսից չէ. Շարմազանով

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը չհամաձայնեց լրագրողի այն դիտարկմանը, թե կարևոր պաշտոնների համար ՀՀԿ-ն դրսից է մարդ բերում: Ակնարկը վերաբերում էր Հանրապետականի կողմից առաջադրված նախագահի թեկնածու` Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին: «Ի՞նչ է նշանակում` դրսից, նա դրսից չէ: Արմեն Սարգսյանը Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանն է»,- ասաց նա:

Ըստ Շարմազանովի՝ ճիշտ չէ այդպես արտահայտվել Արմեն Սարգսյանի մասին, նաև արդարացի չէ: «Նա ՀՀ դիվանագետ է, նա նշանակվել է դեսպան նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով: Ի դեպ, նա այն եզակի գործիչներից է, ով երեք մեր նախագահների կողմից էլ նշանակվել է դեսպան, և խոսել նրա մասին, որ նա դրսից բերված մարդ է, արդարացի չէ: Արմեն Սարգսյանն իր քաղաքական ու գիտական կենսագրությամբ արժանի է լինել ՀՀ նախագահ: Առաջ չընկնենք, որովհետև նա դեռ պետք է համաձայնի»,- հավելեց նա:

Իսկ հարցին` ինչո՞ւ ՀՀԿ-ից չէ թեկնածուն, Շարմազանովը պատասխանեց, որ դա Սահմանադրության պահանջն է՝ նոր նախագահը անկուսակցական պիտի լինի:

Ինչ վերաբերում է քաղտեխնոլոգների գնահատականներին, որ բերվում են այնպիսի մարդիկ, օրինակ՝ վարչապետ Կարապետյանը, ովքեր «համակարգի ծնունդ չեն», ԱԺ փոխնախագահն ասաց, որ սխալ է նման բան ասելը: «Ի՞նչ է նշանակում` համակարգի ծնունդ, ես համակարգի ծնո՞ւնդ եմ: Կարեն Կարապետյանը եղել է նաև էներգետիկայի նախարարի տեղակալ, Երևանի քաղաքապետ, ՀՀԿ ավագանու ցուցակի ներկայացուցիչ, բա որ Կարեն Կարապետյանը մեր թիմի անդամ չէ, ո՞վ է մեր թիմի անդամ: Ես դա չեմ հասկանում: Ի՞նչ է նշանակում՝ ՀՀԿ-ն համակարգից դուրս է մարդ բերում, եթե Միացյալ Թագավորությունում արտակարգ և լիազոր դեսպանը, ՀՀ նախկին վարչապետը պետական համակարգի ներկայացուցիչ չէ, բա լավ, ո՞վ է պետական համակարգի ներկայացուցիչ»,- նշեց  Շարմազանովը: