Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 16-րդ տարին: Առավոտյան ԱԺ պատգամավորները, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ, ծաղիկներ դրեցին ԱԺ բակում հոկտեմբերի 27-ին զոհված քաղաքական գործիչների հիշատակին կանգնեցված հուշարձանին:
Այստեղ էր նաև Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, ով պատասխանեց լրագրողների հարցերին: Հարցին, թե ինչո՞ւ մինչ այժմ ամբողջությամբ չբացահայտվեց այդ ոճրագործությունը, Արմեն Սարգսյանը, ով այդ ոճրագործությունը համարում է պետական դավադրություն, պատասխանեց. «Բավարար կամք չդրսևորվեց արդարադատության մարմինների կողմից, որ այն բացահայտվի»:
Հարցին, թե ունի՞ կասկածներ, թե ով է կազմակերպել այդ ոճրագործությունը, պատասխանեց, որ յուրաքանչյուրն ունի կասկածներ: Իրավակա՞ն են այդ կասկածները, թե՞ քաղաքական: «Ես կարծում եմ, որ այդ կասկածներն ինձ մոտ քաղաքական են»,- ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը:
Նրա խոսքով՝ անշուշտ, դժվար է այդ կասկածներով ապրել 16 տարի: Ըստ Արմեն Սարգսյանի՝ դա ոչ թե ինչ-ինչ անհատների հետ է կապվում, այլ ավելի բարձր տեղերից է գալիս, որովհետև, նրա խոսքով, «չկար մի անհատ, որ կարողանար Վազգենի վրա ձեռք բարձրացներ, ոչ մեկի քաշը էդքան չէր հերիքի, ուրիշ հարց է, որ կարողացան դրսի ուժերի հետ աչքերը փակել կամ ձայն չհանել, լռել, կամ խանգարել բացահայտմանը: Այդ պատվերը ավելի դրսից է գալիս, ոչ թե ներսից»:
Հարցին՝ արդյո՞ք ներկա իշխանություններն ունեն բավարար կամք, որ բացահայտեն այդ ոճրագործությունը, Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Որքան ես եմ ճանաչում ներկա իշխանությանը, փորձում են անել ամեն ինչ, որ այն բացահայտվի, որ պարզվի, թե թելերը դեպի ուր են տանում: Եթե լինի հնարավորություն՝ բացահայտելու, ապա Սերժ Սարգսյանը ինքն անձամբ կբացահայտի: Կան մարդիկ, ովքեր կասկածում են, որ կարող է Սերժ Սարգսյանն է մեղավոր: Իսկ ես այն կարծիքին եմ, որ անձամբ Սերժ Սարգսյանը մեղավորություն չունի: Մենք զրուցել ենք նրա հետ, նրա միակ մեղավորությունն այն է, որ այն ժամանակաշրջանում ԱԱԾ-ն թերացել է իր աշխատանքում»,- ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը:
Իսկ թե ի՞նչն է խանգարում, որ ներկայիս իշխանությունները բացահայտեն հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, Արմեն Սարգսյանը նախ ասաց, որ չի կարող պատասխանել այդ հարցին, հետո նշեց, որ կան բաներ, որոնց մասին չի կարող բարձրաձայնել: «Վստահ եմ, որ ոչ հեռու ապագայում այդ գործը բացահայտվելու է»,- ասաց նա: