կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-16 15:30
Հասարակություն

Եթե իշխանությունները զիջումների չգնան, հաջորդ քայլը կարող է ցույց կամ նստացույց լինել. Էդմոն Մարուքյան

Եթե իշխանությունները զիջումների չգնան, հաջորդ քայլը կարող է ցույց կամ նստացույց լինել. Էդմոն Մարուքյան

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձավ այսօր Երևանի Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանում մի քանի երթուղային գծերի վարորդների գործադուլին: Նրանք 20-ից ավելի երթուղային մեքենաներ կանգնեցրել են Անդրանիկի փողոցում և հավաքվել դիսպետչերական կետի մոտ: Գործադուլի պատճառը գազի թանկացումն է:

Մարուքյանը նշեց, որ բազմիցս կրկնել են, որ կազմակերպում ենք երթ, որը հանրային միջոցառումներից մեկն է, մեկնարկն է ընդդեմ այդ թանկացումների:

«Այսօր արդեն սկսել են բողոքել երթուղային գծատերերը, բնական է, չէ՞, որ եթե վարորդները բողոքում են, ուրեմն գծատերերն էլ են բողոքում: Մենք ի՞նչ ենք ասում, մենք ասում ենք, որ այս թանկացումները բոլորիս են վերաբերում, կապ չունի` ով ինչ քաղաքական հայացքների տեր է, բոլորին կոչ ենք անում դուրս գալ պայքարի»,- հայտարարեց նա:

Մարուքյանն ընդգծեց, որ եթե առանձին վարորդներ պայքարեն, առանձին ուղևորներ պայքարեն, դա արդյունք չի տա, պետք է միասին դուրս գալ փողոց:

«Մեր տվյալներով` հանրային տրանսպորտը սպասարկող ընկերությունները կանգնած են շատ բարդ խնդրի առաջ, որովհետև կա քաղաքական որոշում` թույլ չտալ թանկացնել ուղեվարձը: Մի կողմից` դա, բայց մյուս կողմից կա հարկային օրենսգրքի փոփոխությունը, որը երեք անգամ թանկացնում է ակցիզային հարկը: Էստեղ տարբերակ չկա, կա'մ իրենք պետք է ուղեվարձը թանկացնեն, որը նույնպես զանգվածային ակցիաների է բերելու, կա'մ պետք է փոխեն հարկային օրենսգիրքը, որն էլ մենք պահանջում ենք»,- նշեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է հարցին` գնաճի մեղմման թեմայով Աժ լսումներին կմասնակցե՞ն, նա պատասխանեց. «Լսումները երթից հետո են, և պետք է ասեմ, որ լսումների ժամանակ մենք որևէ նոր բան չենք իմանալու: Լսումները նրա համար են, որ ինչ-որ հարց կա, պարզ չէ, երբ պետք է ինչ-որ փորձագետներ գան, ասեն` ինչու է այդպես»:

Դիտարկմանը` լսումների ժամանակ կարող են լուծման առաջարկ անել, Մարուքյանն արձագանքեց. «Լուծում առաջարկել ենք` հարկային օրենսգիքրը պետք է փոխել և գալ այն նույն իրավակարգավորումներին, որոնք կային մինչև հունվարի 1-ը»:

Հարցին էլ` եթե իշխանությունն ընդառաջ չգնաց նրանց, այդ դեպքում ի՞նչ են անելու, նա պատասխանեց, որ կլինեն երկրորդ, երրորդ ավելի մեծ զանգվածային միջոցառումները: «Կարող է երթ չլինի, ցույց կամ նստացույց լինի»,- ասաց նա` շեշտելով, որ անելիքը որոշված է, և անելիքը պայքարն է ընդդեմ թանկացումներ, իսկ թե որ մեթոդը կամ մեխանիզմը կկիրառվի, կորոշեն: