կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-25 11:56
Քաղաքական

Եթե կան քաղաքական հետապնդումներ, Աշոտյանը կարող է դիմել ՍԴ, ՄԻՊ-ին, Արթուր Սաքունցին. Էդմոն Մարուքյան

Եթե կան քաղաքական հետապնդումներ, Աշոտյանը կարող է դիմել ՍԴ, ՄԻՊ-ին, Արթուր Սաքունցին. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը պատրաստ է պաշտպանել «քաղաքական հետապնդվողներին»: «Բազմիցս քննադատվել եմ իշխանության կողմից և  ինքս էլ նշել եմ` որ օրը նրանք լինեն ընդդիմություն, ես առաջինը նրանց կպաշտպանեմ, առաջին քաղաքական հետապնդվողին կպաշտպանեմ»,- ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց նա` անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, թե քաղաքական հետապնդումներ են իրականացվում ՀՀԿ-ի նկատմամբ:

«Ես չեմ տեսնում այս պահին այդպիսի մարդ, ով ենթարկվում է քաղաքական հետապնդման: Աշոտյանի կողմից ներկայացվող նորմերը մենք տեսել ենք, օգտվել ենք դատական համակարգից: Որևէ բան չի խանգարում նրան` հավաքել սահմանված քանակով ստորագրություններ և դիմել Սահմանադրական դատարան: Աշոտյանը կարող է դիմել ՄԻՊ-ին, Արթուր Սաքունցին կամ Ավետիք Իշխանյանին, կան այլ բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ: Ինքս պատրաստ եմ նրան օգնել այս հարցում»,- ասաց Մարուքյանը, ապա հավելեց, որ քաղաքական հայտարարություններ են արվում և դա ներկայացվում է որպես հետապնդում: «Վիգեն Սարգսյանը հայտարարություն է արել, Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանել է. դա հետապնդո՞ւմ է»,- հարցրեց նա:

Ինչ վերաբերում է Աշոտյանի այն հայտարարությանը, թե ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ստիպում է ուսուցիչնեին, տնօրեններին` դուրս գալ ՀՀԿ-ից, ինչի իրավունքը չունի, Մարուքյանն ասաց. «Խոսքը պարտադրաբար ՀՀԿ վկայական ստացածների մասին է եղել: Դրա ժամանակներն անցել են, մենք չենք պարտադրելու, որ լինեն մեր կուսակցության անդամ, և ասվել է, որ կարող են հետ վերադարձնել, եթե ստիպել են, որ անդամագրվեն ՀՀԿ-ին»: Նա շեշտեց, որ եթե որևէ մեկն ուզում է հետևել ՀՀԿ գաղափարներին, ապա ոչ մի նախարար չի կարող ստիպել նրան չանել դա: «Եթե լինի այսպիսի բան, ես` ինքս, դեմ կլինեմ»,- ասաց Մարուքյանը: