կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-11 13:11
Իրավական

Ճվճվ Արոյի որդին կալանավորվեց

Ճվճվ Արոյի որդին կալանավորվեց

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է քննիչի միջնորդությունն ու հունվարի 8-ին տեղի ունեցած ողբերգական վթարի գործով մեղադրյալ` «ԲՄՎX6» մակնիշի վարորդ Սարգիս Վարդանյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրել կալանավորումը։ Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 244-րդ հոդվածով՝ 2 մարդու մահ առաջացրած ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար։

Նախնական քննության տվյալներով՝ հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «ԲՄՎX6» մակնիշի` 35 NT 388 հաշվառման համարանիշով, և «Տոյոտա» մակնիշի` 243 II 02 հաշվառման համարանիշով ավտոմեքենաները, որից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել գովազդային վահանակին:

Ավտովթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ ՃՈ 1-ին գումարտակի 6-րդ դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա.Դավթյանը և ուղևոր՝ ոստիկանության լեյտենանտ Խ.Գասպարյանը, ստացած մարմնական վնասվածքներից մահացել են։

Ավտովթարից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է: