կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-21 18:14
Իրավական

Ճվճվ Արոյի որդու գործով կդիմեն Իրանի դատական մարմիններին. լուսանկարներ

Ճվճվ Արոյի որդու գործով կդիմեն Իրանի դատական մարմիններին. լուսանկարներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Ճվճվ Արոյի կրտսեր որդու՝ քրեական պատմություններով հայտնի Սերժ Վարդանյանի մասնակցությամբ դեռևս 2014-ին տեղի ունեցած խուլիգանության գործով հերթական դատական նիստը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում Վարդանյանը հայտարարել էր, որ հրաժարվում է իր պաշտպան Մանվել Գրիգորյանի ծառայություններից, և որ իր շահերն այսուհետ ներկայացնելու է փաստաբան Սամվել Ջաղինյանը: Սակայն այսօրվա դատական նիստում պարզ դարձավ, որ Վարդանյանը փոխել է իր դիրքորոշումը և չի հրաժարվում պաշտպանից:

Նշենք, որ Սերժ Վարդանյանը ներկայումս կալանքի տակ է խուլիգանության և կողոպուտի դեպքերով հարուցված քրեական գործերով: Կողոպուտի դեպքը տեղի է ունեցել 2017թ. սեպտեմբերի 12-ին:

Այսօր պաշտպանական կողմի միջնորդությամբ դատարան էր հրավիրվել հայտնի փորձագետ, Երևանի դատաբժշկական գիտագործական կենտրոնի բարդ դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Գագիկ Հարությունյանը:

Փորձագետը դատարան էր հրավիրվել Սերժ Վարդանյանի մասնակցությամբ կատարված խուլիգանության գործով իր կողմից դեռևս 4 տարի առաջ տրված եզրակացության վերաբերյալ պարզաբանումներ տալու: Համաձայն մեղադրական եզրակացության՝ Սերժ Վարդանյանը Ռոբերտ Հայրապետյանի հետ «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Սարյան փողոցով երթևեկելու ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այդ թվում` Շանթ Մագարյանի նկատմամբ բռնություն գործադրելով:

Նշենք, որ Շանթ Մագարյանին փորձաքննության ենթարկելիս նրա մարմնին հայտնաբերվել է միայն մեկ վնասվածք` աջ նախաբազկի շրջանում` արյունանզեղման տեսքով: Գագիկ Հարությունյանն այսօր դատարանում պարզաբանեց, որ տուժողը վնասվածքը չէր կարող ստանալ ձեռքով սեղմելու հետևանքով, այդ վնասվածքը կարող էր առաջանալ որևէ բութ առարկայի ներգործությամբ:

Գործով ամբաստանյալ Սերժ Վարդանյանի պաշտպան Մանվել Գրիգորյանը Գագիկ Հարությունյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր էր` տուժողին քարշ տալու արդյունքում նրա մարմնի վրա միայն մեկ վնասվածք հայտնաբերվեր, և արդյո՞ք կարող էր համեմատաբար թեթև քաշ ունեցող Ռոբերտ Հովհաննիսյանը մեքենայի ընթացքի ժամանակ ձեռքով քարշ տալ 80-100 կգ քաշով Մագարյանին: Դատավոր Գագիկ Պողոսյանն էլ իր հերթին հետաքրքրվեց, թե հնարավո՞ր էր, տուժածին պահելով, քարշ տալ և միայն մեկ վնասվածք պատճառել:

Գագիկ Հարությունյանը պատասխանեց, որ եթե տուժողին պահեին, նա առնվազն նախաբազկի կոտրվածքներ կստանար, իսկ չմարզված մարդը մի ձեռքով չէր կարող պահել 80-100 կգ քաշով անձին և մեքենայի ընթացքի ժամանակ քարշ տալ նրան: Նշենք, որ, համաձայն տուժողի ցուցմունքի, մեքենայի մեջ գտնվող անձինք իրեն մոտ 40 մ քարշ են տվել փողոցով:

Այսօրվա նիստում մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանը միջնորդեց դատարանին` տուժողին ծանուցելու վերաբերյալ համապատասխան միջնորդություն ուղարկել դատախազություն, ինչից հետո իրենք կկարողանան դիմել Իրանի Իսլամական Հանրապետության դատական մարմիններին, որպեսզի ապահովեն Մագարյանի ներկայությունը դատաքննությանը:

Նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը նշեց, որ նախկինում փորձել են տուժողին ծանուցել, սակայն նա հրաժարվել է ներկայանալ, բացի այդ` Մագարյանը դեպքից հետո առնվազն մեկ անգամ եղել է Հայաստանում և հնարավորություն ունեցել մասնակցելու դատական նիստին, սակայն չի ներկայացել:

Այնուամենայնիվ, դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը` միևնույն ժամանակ հնարավոր համարելով հեռակապի միջոցով տուժողի հարցաքննությունը:

Հիշեցնենք, որ ներկայումս կալանքի տակ է նաև Սերժ Վարդանյանի ավագ եղբայրը՝ Սարգիս Վարդանյանը: Նա մեղադրվում է ճանապարհային երթեևեկության կանոնները խախտելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելու մեջ: Նրա մասնակցությամբ վթարը տեղի էր ունեցել 2018-ի հունվարի 8-ին: Վթարի հետևանքով զոհվել են ծառայության մեջ գտնվող երկու` ՃՈ աշխատակիցներ:

Նշենք, որ Վարդանյան եղբայրները նախկինումս ևս հայտնվել են աղմկահարույց պատմությունների կենտրոնում: