կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-05 15:47
Իրավական

«Տեռորի´ստ, գնա´ քո երկիրը». դատարանում ծաղրել են Ճվճվ Արոյի որդու կողմից ծեծված իրանահային

«Տեռորի´ստ, գնա´ քո երկիրը». դատարանում ծաղրել են Ճվճվ Արոյի որդու կողմից ծեծված իրանահային

Պարզվում է` Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, Ճվճվ Արոյի կրտսեր որդու՝ քրեական պատմություններով հայտնի Սերժ Վարդանյանի մասնակցությամբ 2014-ին տեղի ունեցած խուլիգանության գործով մարտի 29-ին արտահերթ դատական նիստ է անցկացրել: Լրագրողները հնարավորություն չեն ունեցել հետևելու նիստին, քանի որ դատական տեղեկատվական համակարգում տվյալ նիստի օրվա և ժամի վերաբերյալ ծանուցում չի եղել:

Արտահերթ նիստի ընթացքում հարցաքննվել է գործով տուժող` իրանահայ Շանթ Մագարյանը: Նրա մասնակացությունը դատական նիստին ապահովել էր մեղադրող կողմը:

Հիշեցնենք, որ դատավոր Գագիկ Պողոսյանը դատական նիստերից մեկի ժամանակ հայտարարել էր, որ նախկինում փորձել են տուժողին ծանուցել, սակայն նա հրաժարվել է ներկայանալ: Դատարանն անգամ քննարկել էր Մագարյանին տեսակապի միջոցով հարցաքննելու տարբերակը, ինչի անհրաժեշտությունը, փաստորեն, չկար:

Մագարյանն այսօր դատարանում մի քանի լրագրողների հետ զրույցում դժգոհեց 4 տարի ձգձգվող դատական քաշքշուկից և հայաստանյան օրենքներից: Տուժողի խոսքով` դեպքից հետո, երբ ինքը դիմել է իրավապահներին, չի մտածել, որ գործը տարիներով կձգվի: «Ես տուժողն էի և չպետք է այսքան խնդիրների մեջ ընկնեի, այս ամենը պետք է շուտ վերջանար»,- ասաց նա:

Հիշելով 4 տարվա վաղեմության դեպքը` Շանթ Մագարյանը հայտնեց, որ վիճաբանությունը ծագել է այն բանից հետո, երբ Սերժ Վարդանյանն ու Ռոբերտ Հայրապետյանը «Լադա Պրիորա» մեքենայով կտրել են այն մեքենայի ճանապարհը, որի մեջ ինքն է եղել: «Լարված օրից հետո մեքենայով տուն էինք գնում: Վարորդը կին էր, հետներս ևս մի աղջիկ կար: Կտրեցին մեր ճանապարհը, շատ կոպիտ էին հետներս: Մոտեցանք մեքենային, քաշքշուկ սկսվեց, հետո փախչելիս ինձ 30 մետր, գետնին քարշ տալով, տարան»,-պատմեց տուժողը` հավելելով, որ իր ստացած վնասվածքների վերաբերյալ թե' լուսանկարներ կան, թե' բժշկական փաստաթղթեր: Մագարյանի խոսքով` դեպքին 4 ոստիկան է ականատես եղել, իսկ տարածքի տեսախցիկները գրանցել են կատարվածը:

Նրա խոսքով` ճանապարհային ոստիկանները հեռախոսով անմիջապես հաղորդել են փախուստի դիմած տղաների մեքենայի համարները: «Ոստիկաններն իրար մեջ հեռախոսով խոսում էին, ասում էին` էս ինչի տղան է: Այդ րոպեին արդեն գիտին` ով է Սերժը»,- պատմեց Մագարյանը: Ըստ նրա` այն, որ տղաները դեպքի վայրից փախուստի են դիմել, արդեն վկայում է նրանց մեղավոր լինելու մասին:

Այնուհետև Մագարյանը դժգոհեց գործի քննության ձգձգվելուց: «Առաջին մի քանի ամիսը չէին կարողանում Սերժին բռնել, քանի որ շատ մեծ կապեր ուներ: Նախաքննական մարմինը շատ լավ գիտեր, թե ով էր Սերժը: Ինձ նույն բանը մի քանի անգամ գրել էին տալիս, ես էլ ասում էի` ինչ իմաստ ունի նույն բանի մասին այդքան խոսել, եթե ամեն ինչ պարզ է»,- ասաց նա:

Տուժողի խոսքով` դեպքից հետո մեղադրյալների հարազատները փորձել են կապ հաստատել իր հետ և համոզել, որ հետ վերցնի բողոքը, սակայն ինքն այդ ժամանակ  Հայաստանում չի եղել:

Մագարյանը նշում է, որ իր նպատակն այն չէր, որ Սերժ Վարդանյանը բանտ նստեր, այլ այն, որ նրանք հասկանային իրենց սխալն ու նման բան չկրկնեին: «Ես ցանկանում էի, որ այս գործով իրենք պատիժ ստանան, որպեսզի չշարունակեն նման կերպ վարվել մարդկանց հետ` լինի օլիգարխի որդի, թե` այլ մարդ»,- ասաց նա և հավելեց. «Ես լսել էի, որ գլխացավանք է օրենքի ճանապարհով հարցին լուծում տալը, սակայն չէի հավատում, դրա համար բողոք գրեցի, բայց հասկացա, թե որքան երկար և հոգնեցուցիչ գործընթաց է այս ամենը»:

Մագարյանի համար անհասկանալի է նաև այս գործի նկատմամբ ներկայիս հետաքրքրությունը: «Ի՞նչ պատահեց, որ 3 տարի հետո ինձ հիշել են, հետ են բերել, որ ես ասեմ 4 տարի առաջ կատարվածը»,- ասաց նա:

Մագարյանը պատմեց, որ նախորդ դատական նիստում ամբաստանյալները փորձել են կատարվածն իր վրա բարդել, իսկ նրանց հարազատները ծաղրել են իրեն: «Ինձ ասացին` տեռորի'ստ, գնա' քո երկիրը, ու ոչ ոք նրանց չսաստեց»,- դժգոհեց իրանահայը:

Նա հայտնեց, որ երբ ինքը դատարանում ներկայացրել է վնասված մեջքի լուսանկարը, պաշտպանական կողմը նշել է, որ այդ նկարը ֆոտոշոփ է արված:

Նշենք, որ այսօրվա նիստում պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց դատարանից տուժող Շանթ Մագարյանի հարցաքննության արձանագրությանը ծանոթանալու և լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն ներկայացնելու վերաբերյալ միջնորդությանը պատրաստվելու համսր: Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի խնդրանքը և հետաձգեց դատական նիստը:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Սերժ Վարդանյանը Ռոբերտ Հայրապետյանի հետ «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Սարյան փողոցով երթևեկելու ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այդ թվում` Շանթ Մագարյանի նկատմամբ բռնություն գործադրելով:

Նշենք, որ Սերժ Վարդանյանը ներկայումս կալանքի տակ է խուլիգանության և կողոպուտի դեպքերով հարուցված քրեական գործերով: Կողոպուտի դեպքը տեղի է ունեցել 2017թ. սեպտեմբերի 12-ին:

Հիշեցնենք, որ ներկայումս կալանքի տակ է նաև Սերժ Վարդանյանի ավագ եղբայրը՝ Սարգիս Վարդանյանը: Նա մեղադրվում է ճանապարհային երթեևեկության կանոնները խախտելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելու մեջ: Նրա մասնակցությամբ վթարը տեղի էր ունեցել 2018-ի հունվարի 8-ին: Վթարի հետևանքով զոհվել են ծառայության մեջ գտնվող երկու` ՃՈ աշխատակիցներ:

Վարդանյան եղբայրները նախկինումս ևս հայտնվել են աղմկահարույց պատմությունների կենտրոնում: