Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ նոր ձևաչափով երեկ Բաղրամյան 26-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը թափանցիկ ակնարկներ է արել Ազգային ժողովի հաջորդ նախագահի թեկնածուի վերաբերյալ: Այս ընթացքում մամուլում, որպես ԱԺ հաջորդ նախագահի թեկնածու, շրջանառության մեջ է դրվել ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի անունը:
Քաղաքական և, մասնավորապես՝ իշխող ՀՀԿ-ական շրջանակում, սակայն գերակշիռ հատվածի մոտ վստահություն կա, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է հաջորդ ԱԺ նախագահի դերում կրկին Արա Բաբլոյանին տեսնել: Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխություններից հետո ԱԺ նորընտիր նախագահ ընտրելիս քաղաքական շրջանակում համոզվածություն կար, որ մինչ նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելը անցումային ԱԺ նախագահ է լինելու, որն էլ այս տարվա ապրիլի 9-ից հետո այդ պոստը փոխանցելու է արդեն այլ թեկնածուի: ԱԺ գործող նախագահ Արա Բաբլոյանը, սակայն, կարծես թե, «տեղապահ» չի մնալու:
Այսօր նախագահական նստավայրում ԱԺ խորհրդի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նոր խորհրդարանի մասին խոսելիս ասել է բառացիորեն հետևյալը. «Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ խորհրդարանի աշխատանքի որակի աճ ենք արձանագրել: Հայաստանին պետք է այնպիսի խորհրդարան, որը ոչ միայն ճիշտ ժամանակին ընդունի բոլոր անհրաժեշտ օրենքները, այլև իրականացնի արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն: Այս առումով կարծում եմ, որ Ազգային ժողովը ճիշտ ճանապարհին է: Դրան զուգահեռ նաև ամրապնդվում է Ազգային ժողովի աշխատակազմը...»:
Այսպիսի բացառիկ գովքը, ինչպիսին Սերժ Սարգսյանը հաճախ չի շռայլում, թերևս, թափանցիկ ակնարկ է ներկաներին, ինչպես նաև ավելի լայն շրջանակներին, որ հենց ԱԺ գործող նախագահ Արա Բաբլոյանն է ապրիլի 9-ից հետո ԱԺ նախագահի ցանկալի թեկնածուն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: