Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել սիրիահայ համայնքի ու հայկական մի շարք կառույցների ներկայացուցիչների, համայնքային խնդիրներով զբաղվող բարերարների և պատասխանատու պաշտոնյաների հետ. տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Հանրապետության Նախագահը նշել է, որ հանդիպման մասնակիցներին հրավիրել է քննարկելու աջակցության նոր գաղափարներ, նոր ծրագրեր, ինչպես նաև Սիրիայում բնակվող մեր հայրենակիցներից անմիջականորեն տեղեկանալու վերջին զարգացումների և առկա իրավիճակի, այդ իրավիճակում գտնվող հայկական համայնքի ներկայիս կարիքների մասին, մտքեր փոխանակելու նաև Հայաստանում հաստատված և ներգաղթող սիրիահայ մեր հայրենակիցներին աջակցության ծրագրերի վերաբերյալ:
«Ցավոք, արդեն տևական ժամանակ է, որ Սիրիան և, հատկապես, Հալեպը դուրս չեն գալիս միջազգային լրահոսից՝ այնտեղ տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների պատճառով: Մեզ համար, նկատի ունեմ հայերիս, Սիրիան, Հալեպը սոսկ ծանոթ անուններ չեն, ինչպես շատ-շատերի համար, այլ երկիր, բնակավայր, որտեղ ապրում են մեր հայրենակիցները: Եվ հենց այդ պատճառով է, որ մինչ այսօր Հալեպում գործում է մեր գլխավոր հյուպատոսությունը, այն դեպքում, երբ բոլոր երկրների դիվանագիտական ներկայացուցիչները վաղուց լքել են Հալեպը:
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը և հանդիպման մյուս մասնակիցները հանրապետության Նախագահի հետ կիսվել են Սիրիայում շարունակվող պատերազմական իրադարձությունների պատճառով ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց մտահոգություններով, սիրիահայ համայնքին միասնական ուժերով սատար կանգնելու առաջարկություններով և շնորհակալություն հայտնել՝ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև հայկական կառույցների կողմից մեր հայրենակիցներին բոլոր հնարավոր միջոցներով տարիներ շարունակ հետևողականորեն ցուցաբերվող սրտացավ ու հոգատար վերաբերմունքի և աջակցության համար: