| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ռուբեն Թաթուլյանն ԱԳ նախարարի խորհրդական չի եղել և հայտնել է իր տեսակետը, որն ամենևին էլ ԱԳՆ-ի տեսակետը չէ. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Նա նաև դրական դեր է կատարում, դա էլ պետք է հաշվի առնել, վերջիվերջո, Սոչիում մենք ունենք հսկայական հայ համայնք, խնդիրներ են առաջանում նաև համայնքի հետ, նա շատ է աջակցում: Սա եկեք ֆիքսենք»,- ասաց նա` կրկնելով, որ Թաթուլյանն այլևս խորհրդական չէ, իսկ երբ եղել է, արտահաստիքային է եղել:
Անդրադառնալով այն տեսակետին, որ ԱԳՆ-ն Թաթուլյանի՝ նախարարի արտահաստիքային խորհրդական լինելու փաստը սկսեց հերքել այն բանից հետո, երբ Թաթուլյանն ԱՄՆ-ի սև ցուցակում հայտնվեց, որպեսզի այդպիսով նրա անունը չկապվի ԱԳՆ-ի հետ, փոխնախարարը միայն շարունակեց պնդել, որ Թաթուլյանն արդեն իսկ խորհրդական չէ:
Ճշտող հարցին, թե որքա՞ն ժամանակով է եղել խորհրդական և երբվանի՞ց է դադարել այդ կարգավիճակում լինելուց, Քոչարյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ երբ է հրամանը եղել»:
Ինչ վերաբերում է Թաթուլյանի դիվանագիտական անձնագրին, ապա նա ասաց, որ դիվանագիտական անձնագիրը տրվում է օրենքով, և հետ վերցնելն էլ օրենքով կկարգավորվի:
Հիշեցնենք, որ ռուսաստանցի գործարար Ռուբեն Թաթուլյանը, ով հայտնի է Ռոբսոն մականունով, բլոգեր Ալեքսանդր Վոլովին տված հարցարզույցում հայտարարել էր, որ ինքը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդականն է, այնուհետև ԱԳՆ-ն հերքել էր այդ տեղեկությունը: