կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-30 14:23
Քաղաքական

Ադրբեջանը բանակցություններն օգտագործում է որպես քող իր քարոզչության համար. Շավարշ Քոչարյան

Ադրբեջանը բանակցություններն օգտագործում է որպես քող իր քարոզչության համար. Շավարշ Քոչարյան

Թե ինչ կարելի է առաջիկայում սպասել ղարաբաղյան հարցում, Շավարշ Քոչարյանն այսօր լրագրողներին ասաց, որ Ադրբեջանի նմանատիպ կեցվածքով, պրովոկացիաներ կազմակերպելով, հայատյացությունը շարունակելով, դժվար է սպասել առաջընթաց. առաջընթացի համար բոլորովին այլ մթնոլորտ է անհրաժեշտ:

 

«Միշտ պետք է հիշենք, որ բանակցությունները եւ Մինսկի խումբը ունեն երկու առաքելություն: Մեկն այն է, որ նպաստեն, որ կողմերը կարողանան փոխզիջումային տարբերակով գալ համաձայնության: Եթե այստեղ չկա առաջընթաց, ապա  մեղքը ամենեւին Մինսկի խմբինը չէ, այլ շատ հստակ է, որ Ադրբեջանինն է, որը գործում է հակառակ բոլոր պայմանավորվածություններին, այդ թվում' նաեւ հրապարակված մոտեցումներին»,- նշեց փոխարտգործնախարարը:

 

Իսկ Մինսկի խմբի երկրորդ առաքելությունը, ինչպես ներկայացրեց Շավարշ Քոչարյանը,  այն է, որ համանախագահները, ինչպես նաեւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ  Կասպրշիկը նպաստեն, որ այն զինադադարը, որը կա, նորից չվերածվի ռազմական գործողությունների:

 

«Այդ տեսակետից` եթե չկա առաջընթաց, չի էլ լինի, քանի Ադրբեջանն այդպիսին է: Բայց պետք է նաեւ հաշվի առնել, որ այդ ձեւաչափն իր ներդրումն ունի նաեւ «ոչ պատերազմ, ոչ խաղաղղություն» իրավիճակը պահպանելու հարցում եւ թույլ չի տալիս նոր ռազմական գործողություններ»,- շեշտեց փոխարտգործնախարարը:

 

Իսկ ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացում միջազգային հանրության ձգտումն է Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ, որովհետեւ Ադրբեջանն  անընդհատ ողբում է, թե ստատուս քվոն անընդունելի է, բայց բոլորին ակնհայտ է, որ այն քայլերը, որոնք նա կատարում է, ուղղված են ստատուս քվոյի պահպանմանը:

 

«Մի կողմից ակնհայտ է, որ Ադրբեջանը բանակցային գործընթացն օգտագործում է  իբրեւ քող` իր քարոզչությունն առաջ տանելու համար: Մյուս կողմից` կա նաեւ այն հանգամանքը, որ միջնորդ երկրները եւ, ընդհանուր առմամբ, տեղական ու միջազգային կառույցները չեն ցանկանում, որպեսզի վերսկսվեն ռազմական գործողությունները»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

 

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից  դիվերսիոն գործողությունների, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առնչությամբ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, որն ուղղված է ոչ թե հասցեատիրոջը, այլ երկու կողմերին, ապա այս հարցի կապակցությամբ փոխարտգործնախարարը նշեց, թե իրականում միջնորդը, որպես կանոն, կողմին չի անվանում, բայց բոլորի համար ակնհայտ է, թե ում մասին է խոսքը:

 

«Բայց ես ձեզ հետ մեկ հարցում համամիտ եմ` եթե միջնորդը չի կարող դա անել, ապա միջազգային կառույցները դա պարտավոր են անել: Այդ ուղղությամբ մենք աշխատում ենք, եւ հուսով եմ, որ, վերջիվերջո, միջազգային կառույցները շատ ավելի հստակ ու հասցեագրված կխոսեն ստեղծված իրավճակի մասին»,- խոստացավ Շավարշ Քոչարյանը: