կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-24 17:55
Քաղաքական

Մաքսակետի հարցն այդ հայտարարությունից հետո չի եղել բանակցությունների առարկա. Շավարշ Քոչարյան

Մաքսակետի հարցն այդ հայտարարությունից հետո չի եղել բանակցությունների առարկա. Շավարշ Քոչարյան

ԱԺ լսումների ժամանակ, երբ քննարկվում էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձավ Հայաստանի ու Արցախի միջև մաքսակետի տեղադրման կապակցությամբ հասարակության մտահոգությանը:

 

«Նազարբաևի հայտարարությունից հետո մենք վերահաստատեցինք մեր դիրքորոշումը, որ Ղարաբաղը չի հանդիսանում Հայաստանի տարածք, և որ մենք մեր հարաբերությունները կառուցում ենք դե յուրե չճանաչված, բայց դե ֆակտո կայացած պետության հետ: Մաքսակետի հարցը դրանից հետո չի եղել բանակցությունների առարկա, այդ հարցադրումը չի եղել քննարկման առարկա»,- ասաց նա:

 

Այնուհետև Շավարշ Քոչարյանը նշեց, որ իր մի հայտարարությունը կա'մ սխալ են հասկացել, կա'մ կոնտեքստից են կտրել ու ներկայացրել: «Ես չեմ ասել, թե Հայաստանը դադարել է լինել սուվերեն: Ես ասել եմ, որ այն ոլորտներում, որտեղ մենք պատվիրակում ենք մեր լիազորությունները, իհարկե, սուվերեն չենք: Օրինակ` Մարդուն իրավունքների եվրոպական դատարանը երբ որոշում է կայացնում ու պարտադրում է քեզ, դա ի՞նչ է, ուրեմ`ն չպե՞տք է ենթարկվենք այդ որոշմանը, քանի որ դրսի մարմինն է որոշում կայացրել մեզ համար»,- պարզաբանեց նա:

 

Փոխարտգործնախարարը հավելեց. «Չկա մի պետություն, որը, անդամակցելով որևէ կառույցի, չի սահմանափակում իր որոշակի լիազորությունները: Նույնիսկ դառնալով Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ` մենք վերցրել ենք որոշակի պարտավորություններ: Այնպես որ` չպետք է չափազանցնել իրավիճակը»: