Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր` ԱԺ լսումների ընթացքում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցի քննարկման ժամանակ, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ներկայացրեց գերատեսչության կատարած աշխատանքները և առանձնահատկությունները` պայմանագրի ու բանակցությունների մասով:
«Առանձնահատկություններից մեկն այն էր, որ մենք առաջինն էինք, որ պետք է անցնեինք այդ ճանապարհը: Այդպիսի փորձ չկար, ինչը ենթադրում էր քրտնաջան աշխատանք: Երկրորդ առանձնահատկությունն այն էր, որ թիրախը շարժական էր, այսինքն` մինչ Հայաստանը անդամակցում էր ԵՏՄ-ին, իրենց գործունեությունը դադարեցրեցին նախորդ երկու կառույցները` Մաքսային միությունը ու ԵվրԱԶԷՍ-ը»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Փոխարտգործնախարարը ներկայացրեց այն գործոնները, որոնք նպաստեցին, որ Հայաստանը հարաբերականորեն կարճ ժամանակահատվածում հասնի արդյունքների ԵՏՄ-ին ինտեգրաման գործում: Նա նշեց, որ ձևավորվել են 22 աշխատանքային խմբեր, որոնք կազմվել են լավագույն մասնագետներից, ովքեր աշխատել են քրտնաջան:
Նրա խոսքով` Հայաստանի տնտեսական բարեփոխումների փորձը, որն իրականացվել է եվրոպական կառույցների հետ համագործակցության ուղղությամբ, նույնպես նպաստել է դրան: «Հաջողությանը նպաստել է նաև ԵՏՄ մեր գործընկերների կոնստրուկտիվ վերաբերմունքը: Բավական է նշել, որ բանակցություններում եղել է 800 բացառություն, որոնց հետ կապված որոշումները կայացվել են հօգուտ Հայաստանի, և եթե չլիներ կոնստրուկտիվ մոտեցումը, մեկ հարցի հետ կապված հնարավոր կլիներ գործը տապալել»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Մեկ այլ առանձնահատկության մասին եւս նշեց նա` Հայաստանի ստորագրած պայմանագիրը կոչվում է «Պայմանագիր ԵՏՄ պայմանագրին միանալու մասին», թեև բովանդակլությամբ դա Հայաստանի անդամակցության մասին է:
Նա նշեց, որ պայմանագրի երրորդ հավելվածով նախատեսված են անցումային դրույթներ, որոց համաձայն` Հայաստանը մի շարք առավելություններ է ստանում, նաև չեն խաթարվում Վրաստանի ու Իրանի հետ արդեն ձեռք բերված արտոնյալ առևտրային պայմանները:
«Արեցինք ամեն ինչ, որ ԵՏՄ-ին միանալը չվտանգի մեր հարաբերությունները Վրաստանի ու Իրանի հետ: Կարևոր է նաև պայմանագրով նախատեսված տրանզիտի հարցը, որովհետև մենք ընդհանուր սահման չունենք ԵՏՄ անդամ երկրների հետ, ուստի տրանզիտի հարցը շատ կարևոր է»,- ասաց Շավարշ Քոչարյանը` հավելելով, որ Հայաստանը ԵՏՄ-ի անդամ կդառնա այն ժամանակ, երբ բոլոր չորս երկրների խորհրդարանները կվավերացնեն այդ գործընթացը:
Մամուլի ազգային ակումբի ղեկավար Նարինե Մկրտչյանը հարց ուղղեց, թե արդյո՞ք հաշվարկված են այն վնասները, որոնք կկրի Հայաստանը` Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների արդյունքում: Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ եթե անգամ պատկերացնենք, որ Ռուսաստանի տնտեսական պոտենցիալը անկում է ապրում, այնուամենայնիվ, Ռուսաստանը շարունակում է մնալ որպես հզոր առևտրատնտեսական պոտենցիալ ունեցող երկիր:
«Այն պետություններին ձեռնտու չէ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, որոնք ցանկանում են Հայաստանին շրջափակման մեջ պահել»,- ասաց փոխարտգործնախարարը:
Նշենք որ նաև հարց հնչեց, թե ինչպե՞ս է Հայաստանն անդամակցում մի կառույցի, որի երկու անդամները` Բելառուսը և Ռուսաստանը, զենք են վաճառում Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին: Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ այդ հարցը պետք է քննարկվի մեկ այլ հարթակում, մեկ այլ դաշտում, որովհետև այս պահին քննարկվում են տնտեսական միությանը միանալու հարցերը:
Հարց հնչեց այն մասին, թե ի՞նչ կարգով է ԵՏՄ անդամ երկիրը դադարեցնելու իր անդամակցությունը ԵՏՄ-ին: Շավարշ Քոչարյանը նշեց, որ անդամակցությունը դադարեցնելու համար անհրաժեշտ չէ ԵՏՄ անդամ երկրների համաձայնությունը:
«Անդամակցությունը դադարեցվում է դիմելուց 12 ամիս հետո, սակայն եթե այդ երկիրն ունի ֆինանսական պարտավորություններ, ապա պետք է հասցնի մարել 12 մասում: Իսկ կոնսենսուսը վերաբերում է միայն անդամակցության հարցին, կառույցից դուրս գալու հարցում որևէ խոչընդոտ չկա»,- ասաց փոխարտգործնախարարը: