կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-10 15:40
Հասարակություն

Հիվանդը վիրահատարանում պառկած է, դանակ-կացնով դուրս են գալիս, ասում` գնացեք, արյուն բերեք. Նիկոլ Փաշինյան

Հիվանդը վիրահատարանում պառկած է, դանակ-կացնով դուրս են գալիս, ասում` գնացեք, արյուն բերեք. Նիկոլ Փաշինյան

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մի խնդրի, որին, ըստ նրա, շատերն են բախվել:

«Հիվանդը վիրահատարանում` սեղանին պառկած է, դուրս են գալիս և ասում` գնացեք, արյուն բերեք: Մենք անընդհատ խոսում ենք չափանիշներից, բայց սա վայրենի բան է, մոտավոր՝ դանակ-կացինը ձեռքին` դուրս են գալիս ու ասում` գնացեք, արյուն բերեք, իսկ մարդիկ գիշերվա կեսին պետք է գնան, արյուն բերեն: Սա ամոթալի իրավիճակ է, որովհետև այդ իրավիճակում հարազատներն ինչո՞ւ պետք է գնան»,- ասաց նա:

Դիմելով հիմնական զեկցուցող` առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին` պատգամավորը նշեց, որ նրա խոսքից հասկանալի է դառնում, որ յուրաքանչյուր բուժհաստատություն արյան պաշարներ պետք է ունենա: «Սա լուրջ խնդիր է, և պետք է հասկանանք` ոնց ենք լուծում»,- ասաց նա:

Պատգամավորը անդրադարձավ նաև օրենքի նախագծի այն ձևակերպմանը, որ մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր չեն կարող դառնալ, և նշեց, որ ձևակերպման հետ խնդիր կա: Ըստ նրա`  շահույթը հարկային օրենսդրությամբ իրավագիտորեն սահմանված հասկացություն է, և որպեսզի հասկանալի լինի` շահույթ ստացավ, թե չստացավ, պետք է գործունեության վերջում հասկանալ:

«Իսկ հնարավո՞ր է առանց շահույթի, վնաս ցույց տալով, գործ անեն: Պարզ է, որ չի կարող: Այո, եթե տեղի է ունենում փոխպատվաստում, և ինչ-որ մեկը վճարվում է այդ աշխատանքի համար, ուրեմն շահույթ կա, որովհետև եթե օրգանը չլիներ, փոխպատվաստում չէր լինի, մասնագետն էլ շահույթը չէր ստանա»,- ասաց նա:

Պատգամավորն ընդգծեց, որ քննարկումից դժվար է պատկերացնում` ինչպես կարելի է խնդիրը լուծել, և նշեց, որ գործող սահմանումն ավելի հաջողված է, որ օրգանների առքուվաճառքն արգելվում է: