Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայտնել ենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, դեռևս դեկտեմբերի 18-ից դադարեցվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարինե Ղազարյանի լիազորությունները, քանի որ լրացել էր նրա պաշտոնավարման ժամկետը:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ թոշակի անցնելուց մեկ ամիս առաջ Ղազարյանն անսպասելի որոշում է կայացրել՝ ազատ արձակելով աղմկոտ վթարի գործով կալանավորված՝ Գառնիի «Սուրիկի լավաշ» ՍՊԸ-ի հիմնադիր Սուրիկ Հակոբյանի թոռան՝ 23-ամյա Արթուր Արտուշի Հակոբյանին:
Խոսքը վերաբերում է այս տարվա սեպտեմբերի 5-ին Երևանի Աճառյան փողոցում 11-ամյա աղջնակի կյանք խլած վթարի գործին: Մեր տեղեկություններով՝ Հակոբյանն ազատ է արձակվել գրավի դիմաց:
Հիշեցնենք որ օրեր առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց այս գործով նախաքննության ավարտի մասին: Տեղեկացանք նաև, որ նախքան կալանքից ազատվելը Հակոբյանը հրաժարվել է իր պաշտպան Հովիկ Արսենյանի ծառայություններից:
Արսենյանը դեռևս ամիսներ առաջ Yerkir.am-ին հայտնել էր, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն ու կալանքի որոշումն ապօրինի է: Նրա խոսքով՝ Հակոբյանը կարճ տարածությունում չէր կարող հասցնել ավտոմեքենան արգելակել, կանգ առնել, դրա համար էլ ստիպված է եղել շրջանցել, ինչը, դժբախտաբար, նրա մոտ չի ստացվել:
Նշենք որ Արթուր Հակոբյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) նախատեսված հանցագործության կատարման մեջ:
Վթարի հիմնական մեղավորը՝ ԱԻՆ աշխատակից Լևոն Հակոբյանը, դեռևս կալանքի տակ է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ ՀՀ ՔՕ 244 հոդվածով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը):
Հիշեցնենք, որ վթարի հետևանքով տեղում մահացել էր 11-ամյա Լ. Մ-ն, իսկ մյուս ուղևորներ՝ 34-ամյա Ք. Սարգսյանը, 31-ամյա Ա. Մուրադյանը և Opel-ի վարորդ Կ. Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: