կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-11 14:16
Իրավական

Երասխի դիրքերի ճանապարհին զինծառայողի կյանք խլած` «Ուրալի» վթարի գործով 4 անձի մեղադրանք է առաջադրվել

 Երասխի դիրքերի ճանապարհին զինծառայողի կյանք խլած` «Ուրալի» վթարի գործով 4 անձի մեղադրանք է առաջադրվել

Նախորդ տարվա ապրիլի 8-ին Երասխի դիրքեր տանող ճանապարհին զինվորական «Ուրալի»՝ մահվան հանգեցրած վթարի փաստով հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է,  պարզվել է վթարի պատճառը, արդյունքում` մեղադրանք է առաջադրվել 4 անձի:

Նշենք, որ դեռևս նախորդ տարի Yerkir.am-ը գրել էր, որ «Ուրալի» վթարի պատճառը ոչ թե մեքենան վարելու կանոնները խախտելն է, այլ մեքենայի անսարքությունը: Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով, կտրվել էր բեռնատարի արգելակման գոտին, ինչի հետևանքով էլ զինծառայողը չի կարողացել արգելակել, և մեքնենա գլորվել է ձորը:

Եվ ահա՝ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ մեքենան ունեցել է արգելակման համակարգի անսարքություններ:

Հիշեցնենք, որ 08.04.2016թ.` ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արմաշ գյուղ տանող ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շուրջ 200 մետր գլորվել ձորը:

Ավտոմեքենայում գտնվել է 11 զինծառայող, որոնցից պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Լևիկի Մաթևոսյանը տեղում մահացել է, 6-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել Արարատի բժշկական կենտրոն: Մյուս 4 զինծառայողներին հոսպիտալացնելու անհրաժեշտություն չի եղել։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը՝ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեքենան ունեցել է արգելակման համակարգի անսարքություններ, ինչի մասին իրավասու անձինք նախապես տեղյակ են եղել։ Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի նյութաապահովման վաշտի պայմանագրային զինծառայող, վարորդ ԱԱզիզյանի, ավտոծառայության պետ, մայոր Կ.Վահանյանի, տեխնիկական ստուգման հսկիչ տեխնիկական կետի պետ, ենթասպա Հ.Հովհաննիսյանի կողմից ավտոմեքենայի շահագործման կանոնները խախտելու հետևանքով «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան շահագործվել է՝ արգելակման համակարգի անսարք լինելով հանդերձ։

Բացի այդ, նույն զորամասի 3-րդ գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, մայոր Գ.Գևորգյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հետևանքով մարտական դիրքից գույքը և հերթապահություն իրականացնող անձնակազմը զորամաս են տեղափոխվել բեռնատար ավտոմեքենան համապատասխան նստարաններով չկահավորված և թափքը գույքով բեռնված։

Արդյունքում՝ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արմաշ գյուղ տանող ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շուրջ 200 մետր գլորվել ձորը, որի հետևանքով մեքենայում գտնվող շարքային Վարդան Լևիկի Մաթևոսյանը տեղում մահացել է, 6 զինծառայող, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Ա.Ազիզյանին, Կ.Վահանյանին, Հ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), Գ.Գևորգյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական դիրքը չարաշահելը, եթե դրանք էական վնաս են պատճառել):

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հանձնարարականի հիման վրա, զորամիավորման հրամանատարի հրամանով, այս դեպքի կապակցությամբ նշանակվել է  ծառայողական քննություն, որի արդյունքներով մի շարք սպաներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության: