Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարի թանկացումներն ավելի շուտ սկսվեցին, քան նախատեսվում էր, սակայն այդ հանգամանքը չի խանգարում մարդկանց, անգամ կաշվից դուրս գալով, կատարել իրենց գնումները: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
Նրա խոսքով՝ սպառողն այսօր այլընտրանք չունի, քանի որ պետությունը որևէ քայլ չի ձեռնարկում սպառողների բեռը թեթևացնելու համար:
Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ, մոնիթորինգի և մարքեթինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանի խոսքով` թանկացումները բնորոշ են շուկայական տնտեսությանը, սակայն մեր երկրում այդ երևույթն աղավաղված է: Նա տեղեկացրեց, որ իրենց անցկացրած մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ Ամանորից առաջ 10-12 ապրանք, այդ թվում` տեղական կաթնամթերքը, թանկացել է 5-10 տոկոսով:
Խոսելով կարագի թանկացման հետևանքների մասին` Հայթյանը նշեց, որ կառավարությունն իր միջոցներով պետք է շուկան կարգավորեր: Նրա խոսքով` նմանօրինակ դեպքերում կառավարությունը լիազորություններ ունի տվյալ ապրանքը սուբսիդավորելու կամ այլ երկրներից համեմատաբար էժան ապրանք բերելու և դրանով գնաճը կարգավորելու:
«Չի կարելի ասել` Նոր Զելանդիայում կարագը թանկացել է, դրա համար էլ այստեղ թանկ է, և բավարարվել դրանով, պետք է քայլեր ձեռնարկել, օրինակ` կարագ ներկրել այն երկրներից, որտեղ կարագն այդչափ չի թանկացել, օրինակ` Կանադայից, Ֆինլանդիայից, ՌԴ-ից և այլն, լցնել շուկայում, որպեսզի գինը կարգավորվի»,- ասաց Հայթյանը:
Նա նաև նշեց, որ այսօր շատ խանութներում սփրեդի անվան տակ կարագ են վաճառում: Ավելին` վերջերս ավելացել է այն խանութների թիվը, որտեղ ապրանքի վրա անգամ գրված չէ` կարագ է այն, թե` խառնուրդ, այլ ընդամենը գրված է ապրանքանիշի անունը, օրինակ՝ «Տուլչինկա» և այլն:
Հայթյանը խորհուրդ տվեց սպառողներին` ուշադիր լինել, իսկ իրացնողներին՝ հետևել օրենսդրության պահանջներին և չմոլորեցնել քաղաքացիներին: