Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-11-11 21:59
Առանց Կատեգորիա

Խաղաղասիրական բլեֆ` 100-ամյակի նախաշեմին

Խաղաղասիրական բլեֆ` 100-ամյակի նախաշեմին

Ուշագրավ է և միաժամանակ գուցե ակնկալելի Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը. «2015 թվականին ընդառաջ մեր աշխատանքները շարունակվում են և վերջին փուլում են։ Մեր պահանջն է, որպեսզի հայերը դուրս գան Արցախից։ Սպասում ենք զարգացման այդ հարցում։ Եթե իրականացվի, և սահմանը կբացենք, և երկաթգիծը կգործարկենք, և հարաբերությունները կզարգացնենք։ Սակայն ցանկանում ենք սա անել Ադրբեջանի հետ համատեղ»:

 

Հայտարարության առաջին նախադասությունը արդեն հայ մարդու համար մտաբերում է Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախօրեին Անկարայի կազմակերպելիք գործողությունները: Խաղաղասիրական բնույթի, Հայաստանի հետ կապերի բարելավման միտող, մթնոլորտը հանդարտեցնող խաբկանքի քայլ, որ իբրև թե հարաբերությունների բնականոնացում է ենթադրում եւ այդ պարունակում Հայաստանն է ապաշրջափակում։

 

Թուրք առաջին դիվանագետն այն տպավորությունն է թողնում, որ այս ուղղությամբ բանակցություններ են տարվում. և ոչ միայն տարվում են, այլ դրանք գտնվում են վերջին հանգրվանում: Ուր որ է անցակետը կբացվի, և ամեն ինչ կբնականոնանա: Եթե… Այս դրական փուչիկը պայթում է, երբ վերստին գլուխ է ցցում նախապայմանային քաղաքականությունը: Խաղաղասիրական այս գործողությունը կիրականանա, եթե հայերը հեռանան արցախյան տարածքներից: Եվ, իհարկե, այս նոր զարգացումները տեղի կունենան միայն Ադրբեջանի համաձայնությամբ:

 

Այս բլեֆը,  անշուշտ, ունի իր շարժառիթային տրամաբանությունը: Որոշ ուղենշային իմաստ  փոխանցելուց բացի` հարյուրամյակի սեմին Անկարայի ձեռնարկելիք քայլերին, Դավութօղլուի այս ուշագրավ հայտարարությունը իր մեջ պարփակում է դիտարկելի այլ կետեր ևս: Հայաստանի ապաշրջափակումը, երկաթգծի գործարկումը եւ հարաբերությունների բնականոնացումը պատրաստ թղթածրար է, որը գտնվում է վերջնական համաձայնության փուլում: Եթե մի կողմից հարաբերությունների բնականոնացման պատրվակային նախապայմանականությամբ է բացատրվում համաձայնության վերջնականացման արգելակումը, մյուս կողմից սակայն մեկնաբանվում է, որ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների բնականոնացումը տեղի  չի ունենում Բաքվի պատճառով: Սա այն ուղերձն է, որ Անկարան ուղարկում է այս ձևով ոչ միայն հայկական կողմին, այլ նաեւ «եղբայր Ադրբեջանին», Եվրամիությանը և ընդհանրապես միջազգային ընտանիքին: Այն բոլորին, ովքեր իրենից պահանջում են բացել անցակետը: Միաժամանակ նրան, ով պահանջում է չբացել, մինչև որ իր հարցը չլուծվի:

 

Անցակետի բացման (ան)հավանականության այս բարձրաձայնումը առնչակից չի առաջացրել կողմերի խանդավառությունը։ Նույնիսկ լրատվական-մեկնաբանական մակարդակում դիտարժան հրապարակումների չենք հանդիպել մինչ այժմ ռուսական կամ եւրոպական մամուլում: Ոչ միայն չի խանդավառվել, այլ թվում է, թե մտահոգվել է Բաքուն այս հարցով: Ի՞նչ երաշխիքի հիման վրա են բանակցությունները հասել վերջնակետի: Եթե հայկական ուժերը չեն հեռացել արցախյան տարածքներից եւ եթե այդ ուղղությամբ Անկարան որևէ հանձնառություն չի ապահովել, ապա ինչո՞ւ են շարունակվել և վերջնական փուլ հասել բանակցությունները: Ավելի ուշ, Թուրքիայի ԱԳՆ-ի քարտուղար Լևենթ Գհումրուքջուն այս հայտարարությանն իբրև արձագանգ հայտնել է. «Մեր երկիրը բազմիցս ասել է, որ տարածաշրջանային համագործակցության զարգացման համար յուրաքանչյուր քայլ բարձր է գնահատում, Ադրբեջանի  գրավումը դադարեցնելուն զուգահեռ»: Իսկ ադրբեջանական  apa.az-ը, հաստատում էր, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավուդօղլուն հայ-թուրքական սահմանի բացման մասին հայտարարություն չի կատարել: Միայն այն փաստը, որ նման մի հերքում  օրինաչափորեն պետք է գար Թուրքիայի ԱԳՆ-ից և ոչ թե ադրբեջանական լրատվամիջոցից, խոսում է արդեն ադրբեջանական անհանգստության մասին: Փաստորեն անհանգստությունն ակնհայտ էր: Թուրքիայի ԱԳՆ-ն պարտավորվում է երկրորդ անգամ հստակեցնելու, որ շրջանառության մեջ դրված լուրերը անցակետի  բացման հավանականության մասին սխալ չեն:

 

Բաքվի անհանգտությունն ու մտահոգությունը կարող են անտեղի լինել, եթե կառչած մնանք քաղաքական բլեֆ ի տեսությանը: Ի վերջո, Անկարան անցակետ կբացի կամ փակ կպահի բացառապես իր շահերից մեկնած, թեկուզ առաջադրելով Բաքվի համաձայնությունը: Բայց անտեղի չի լինի հիշել մի քանի օր առաջ շրջանառության մեջ դրված այն լրատվությունը, որի համաձայն Անկարան խուսափում էր  Ադրբեջանի կառավարության աջակցությամբ «Խոջալու» այգում կառուցված թանգարանը, «Խոջալուի թանգարան» անվանելուց:

 

Սրանք բոլորը, իրենց հերթին: Կարեւորն այն է, որ հարյուրամյակի նախաշեմին Անկարան նման «խաղաղասիրական» գործողություններ  ձեռնարկելու նախանշեր է ցուցադրում։ Նման բեմադրություններ պիտի ակնկալել, ընդհուպ` մինչև Անկարա-Երևան արձանագրությունների վերակենդանացում:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր