Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Վանաձորի բժշկական կենտրոն»-ում 32-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը երեկ միջնորդագիր է ներկայացրել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենին` նույն հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման հարցը քննարկելու համար: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Նույն օրը նախաքննական մարմինը «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ստացել է պատասխանը, համաձայն որի` քննիչի միջնորդագիրը բավարարվել է, և ընկերության տնօրենը հրաման է ստորագրել Դավիթ Շահվերդյանի լիազորությունները 2018 թվականի հունվարի 8-ից ժամանակավորապես կասեցնելու մասին:
Հիշեցնենք որ ծննդկանի մահվան դեպքը տեղի էր ունեցել 2016 թվականի հոկտեմբերի 17-ին: Գուգարք գյուղի բնակչուհի Հ. Նազլուխանյանն առաջնածին ախտորոշմամբ 2016 թվականի սեպտեմբերի 26-ին ընդունվել էր բժշկական կենտրոնի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունք։ Գտնվելով բժիշկների հսկողության ներքո՝ 21 օր անց` 2016 թվականի հոկտեմբերի 17-ին` ժամը 18:40-ին, կինը ծննդաբերել էր արական սեռի երեխա, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։ Հաջորդ օրը`հոկտեմբերի 18-ի ժամը 01:40-ին, նույն բաժանմունքում նա մահացել էր:
Ծննդկանի մահվան մեջ հարազատները մեղադրում են բժիշկներին:
Ավելի վաղ Yerkir.am-ին Վանաձորի հիվանդանոցից պարզաբանել էին, որ իրենք արել են ամեն հնարավորը, և նախաքննությունը ցույց կտա` ով է մեղավոր:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։
Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` 32-ամյա կնոջ ծննդաբերությունից հետո մանկաբարձ-գինեկոլոգների կողմից չի կատարվել ծննդկանի հետծննդաբերական արյունահոսության հիմնական աղբյուր հանդիսացող վնասվածքի՝ արգանդի պատռվածքի վերականգնում և արյունահոսության դադարեցում։ Ըստ փորձագետների՝ ծննդկանի նկատմամբ չեն կատարվել բժշկական անհրաժեշտ միջոցառումները, որն էլ գտնվում է պատճառահետևանքային կապի մեջ հետծննդյան շրջանում ծննդկանի մոտ արյունահոսական բարդությունների շարունակական զարգացման և նրա մահվան հետ:
Դեռևս նախորդ տարվա նոյեմբերի 10-ին մեղադրանք է առաջադրվել բուժհաստատության ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։
Համաձայն նախաքննական նյութերի՝ Շահվերդյանը ծննդաբերությանը հաջորդող ժամանակահատվածում` հոկտեմբերի 17-ին՝ ժամը 20:50-ից սկսած, ծննդկանի բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ, պարտավոր լինելով արգանդային արյունահոսության շարունակման պայմաններում, պատռվածքի վերականգնման միաժամանակ հեշտոցային և որովայնային հասանելիությունն ապահովելու նպատակով կատարել որովայնահատում, իսկ արյունահոսության շարունակման դեպքում՝ անցնել նաև հետագա վիրահատական միջամտությունների, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ դրսևորել է անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք և չի իրականացրել անհրաժեշտ բժշկական միջոցառումները, որի պայմաններում ծննդկանի մոտ զարգացել է հեմոռագիկ շոկ՝ պատճառ դառնալով հիվանդի մահվան։
Լուսանկարն՝ armtimes.com-ի