կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-14 15:04
Իրավական

Նախարարությունը քննչին կտրամադրի 26-ամյա ծննդկանի մահվան փաստով նշանակված ներքին քննության արդյունքները

Նախարարությունը քննչին կտրամադրի 26-ամյա ծննդկանի մահվան փաստով նշանակված ներքին քննության արդյունքները

26-ամյա Մերի Մարգարյանի եւ նրա նորածնի մահվան դեպքով հարուցված քրեական գործը քննող քննիչն այսօր առողջապահության նախարարությունից կստանա դեպքի վերաբերյալ նախարարության ներքին քննության արդյուքներով տրված եզրակացությանը, ինչից հետո այն կծանոթացնի կողմերին: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Մերի Մարգարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը:

Նշենք, որ օրեր շարունակ անհասկանալի պատճառներով եզրակացության տրամադրումը նախաքննական մարմնին ձգձգվում էր: Փաստաբանի խոսքով՝ շատ կարևոր է բժիշկների նախնական մասնագիտական կարծիքը` հանձնաժողովային փորձաքննության հետ համեմատելու համար: «Դատաբժշկական փորձաքննությունը, որը կատարվում է հանձնաժողովային կազմով, նպատակ ունի պարզելու բուժանձնակազմի մասնագիտական պարտականությունների իրավաչափությունը»,- նշեց նա:

Նշենք, որ ծննդկանին և նրա դստերը բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում բժշկական հնարավոր սխալը պարզելու համար նշանակված փորձաքննության եզրակացությունից հետո միայն պարզ կդառնա` գործով որպես վկա ներգրավված` «Շենգավիթ» ԲԿ-ի բժիշկ Շուշանիկ Բաշխյանը մեղավո՞ր է, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հուլիսի 29-ին մահացել է հուլիսի 27-ին կեսարյան հատումից հետո «HELLP» սինդրոմ համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Մերի Մարգարյանը, իսկ հաջորդ օրը մահացել է նաև նրա նորածին դուստրը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ), որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում:

Մերի Մարգարյանի և նրա նորածին դստեր մահվան պատճառները պարզելու համար նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ Մ.Մարգարյանի մահը վրա է հասել բազմաօրգանային անբավարարությունից, որը պայմանավորված է եղել 35-36 շաբաթական հղիության ընթացքում արձանագրված` հղիության անեմիայով և սակավաջրությամբ, զարգացած սուր շնչառական վարակով և այլ ախտանիշներով: Իսկ նորածնի մահվան պատճառ է եղել թոքերի և գլխուղեղի այտուցը, որոնք պայմանավորված են առաջնային բնածին իմունոդեֆիցիտով՝ ուրցագեղձի ակցենդենտալ 3-4 աստիճանի ինվոլյուցիայով: